Հայ սպան մոտ 20 հազար դոլարի դիմաց կատարել է պետական դավաճանություն․ ԱԱԾ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պետական դավաճանության նոր դեպք։ Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021-ի հուլիսին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։

2022-ի փետրվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում սպան հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ․ «Մասնավորապես՝ գաղտնի դրոշմով տարբեր բովանդակության փաստաթղթեր, իր ծառայության վայրի, ստորաբաժանումների ուղղվածության, տեսակի և քանակի, ինչպես նաև նշված ստորաբաժանումների կողմից ՀՀ արևելյան և հարավային ուղղություններում ծառայություն իրականացնելու վերաբերյալ տվյալները, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից տարբեր օրերի ընդհանուր ստացել է 19 700 ԱՄՆ դոլար գումար՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»։

Քրեական վարույթի շրջանակներում սպային ներկայացվել է մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մեկնաբանել