ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում ոստիկանների և քաղաքացիների միջև միջադեպից

Քննչական կոմիտեում քննություն է իրականացվում՝ Վանաձորում ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու համար:

«2022-ի նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.45-ին, Վանաձորի Բաղրամյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ոստիկանության աշխատակցի հրահանգներին, ստեղծել է վթարային իրավիճակ ու կայանել մոտակա բենզալցակայանում: Այնուհետև ոստիկանության աշխատակիցներից մեկը վարչական իրավախախտումն արձանագրելու համար մոտեցել է հիշյալ ավտոմեքենայի վարորդին, սակայն բենզալցակայանի տարածքում գտնվող քաղաքացին մոտեցել և խոչընդոտել է ոստիկանության աշխատակցի օրինական գործողություններին:

Այդ ընթացքում մոտեցել են նաև այլ քաղաքացիներ, որոնցից մեկը ձեռքով հարվածել և հայհոյել է դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակցներից մեկին: Նույն օրը՝ ժամը 15.20-ի սահմաններում, դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ ևս, որից հետո մի շարք քաղաքացիներ կրկին դուրս են եկել և վիճաբանել վերջիններիս հետ, իսկ նրանցից մեկը մետաղյա ձողով հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա, որը կանխվել է այլ քաղաքացիների կողմից, իսկ քաղաքացիներից մեկը հեղուկ է ցողել ոստիկանների ուղղությամբ»,- ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում։

Ուշագրավ է, որ Կոմիտեն հաղորդագրությունում ներկայացնում է քաղաքացիների հարձակումները և հարվածները, միևնույն ժամանակ հայտնում է՝ բժշկական կենտրոն է տեղափոխվել միջադեպի մասնակից 2 քաղաքացի։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Կոմիտեում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կողմից որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու հատկանիշներով՝ նկատի ունենալով, որ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիների կողմից ներկայացվել է հաղորդում իրենց ծեծի ենթարկելու վերաբերյալ։

Ավելի վաղ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել էր, որ ահազանգ է ստացել պարեկների կողմից քաղաքացիներին ծեծելու մասին։

«Ըստ քաղաքացու, ում հետ զրուցեցի քիչ առաջ, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանպարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և այդ ընթացքում վեճի է բռնվել տարեց քաղաքացու հետ, ով պարզապես խնդրել է իր հետ հարգանքով խոսել: Խոսակցությանը միջամտել է տարեց քաղաքացու տղան, որից հետո միջադեպին միջամտել են ավելի մեծ թվով Պարեկային ծառայության աշխատակիցներ (մեկ տասնյակից ավելի), որոնք, ըստ քաղաքացու, դաժան բռնություն են կիրառել քաղաքացիական անձանց նկատմամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր պատգամավորը։

Մեկնաբանել