Չնայած խոստումներին՝ ջրի սակագինը շարունակում է բարձրանալ

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորս տարի առաջ՝ 2018-ի աշնանը, նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվել են՝ մինչև 2024 թվականը խմելու ջրի գնի թանկացում չի լինի։

Իրականությունը այլ կերպ դասավորվեց. 2022-ի հունվարի 1-ից քաղաքացիների համար սակագինը 180-ից դարձավ 200 դրամ։ Ու թեև խոստանում էին, որ այս սակագինը երկար կպահպանվի, այս խոստումն էլ չի իրականանում։

Նախորդ տարի պարզվեց նաև, որ 2019-ից 2022-ի ընթացքում ևս ջրի սակագինը բարձրացել է, սակայն կառավարությունն այդ փաստը գաղտնի է պահել և վճարել է՝ սուբսիդավորելով պետբյուջեից։

Իրականությունը բացահայտվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի՝ 2021-ին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցից։

Միաժամանակ ՀԾԿՀ նախագահը հայտնել էր, որ 2022-ից նոր սակագինը կլինի 200 դրամ՝ բացառությամբ անապահով ընտանիքների, և հավելել, որ նոր սակագինը անփոփոխ կմնա 10 տարի, և բյուջեից պետությունը այլևս սուբսիդավորում չի անի։

«Մնացած սպառողների համար մենք առաջարկում ենք այլևս բյուջեից վարձակալության վճարի նվազեցումներ, սուբսիդիաներ չանել, այլ ընդամենը 10 տարվա համար կայուն գնային քաղաքականություն ունենալ»,- ասել էր Բաղրամյանը։

ՀԾԿՀ նախագահը, այնուամենայնիվ, զգուշացրել էր, որ փոքր՝ 1-2 դրամի տատանումներ կարող են լինել։

Եվ մեկ տարի անց՝ արդեն 2022-ի նոյեմբերի 11-ին, ՀԾԿՀ նախագահը դարձյալ հայտնեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության նոր հայտի հիման վրա ջրի վարձը բարձրանալու է մինչև 208,5 դրամ՝ անապահով ընտանիքների համար շարունակելով մնալ 180 դրամ։

«Սոցիալապես անապահով սպառողների համար պահպանում ենք նույն գինը։ 208,5 դրամ, մի քիչ պոչ կա ոնց-որ, ստացվում է մնացած սպառողների գինը։ Բայց, եթե լսել եք ՏԿԵ նախարարության հայտարարությունը, այդ տարբերությունը՝ էսօրվա գործող և սահմանվող սակագների, կառավարությունը սուբսիդավորելու է։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ հունվարի 1-ից սպառողը գնի փոփոխություն չի ունենա»,- հայտնեց ՀԾԿՀ նախագահը։

Փատասցի մեկ տարի անց ջրի սակագինը կրկին բարձրացավ, և դրա համար կրկին, այնուամենայնիվ, վճարելու ենք մենք՝ պետբյուջեից։

Չնայած բոլոր խոստումներին՝ ջրի սակագինը շարունակում է բարձրանալ, մենք էլ վճարում ենք՝ ուղղակի կամ անուղղակի։

Մեկնաբանել