Ջրի սակագինը մոտ 9 դրամով կբարձրանա, բայց կառավարությունը կսուբսիդավորի

Հունվարի 1-ից ջրի սակագինը մոտ 9 դրամով կբարձրանա, բայց կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօրվա՝ նոյեմբերի 29-ի, նիստում որոշեց բավարարել «Վեոլիա Ջուր» ընկերության՝ բնակիչների համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայության գինը բարձրացնելու հայտը։

«Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Արդյունքում, 2023-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա»,- ասված է ՀԾԿՀ տարածած հայտարարությունում։

***

Այս տարվա օգոստոսին «Վեոլիա Ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագինը 1 խմ-ի համար 9 դրամով բարձրացնելու հայտ էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)։ Ընկերությունն առաջարկել էր խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ։ Ջրի թանկացման առաջարկությունը «Վեոլիա Ջուր»-ը հիմնավորել էր այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված 8,3 տոկոս սղաճով։

Մեկնաբանել