Գևորգ Թոսունյան, #CivilNetCheck, #խոստմնացույց
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից. 2019-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ 2022-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը եկավ ապացուցելու հակառակը։
Դատական վեթինգի վերաբերյալ 2019-ի մայիսի 20-ի հայտնի ելույթից երեք տարի անց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի իրագործել դրա կետերը, այլ անում է տրամագծորեն հակառակը։
Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող երկու թեկնածուից ընտրվել է մեկը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:
Մարտիրոսյանին իրավապաշտպանները հաճախ բնորոշել են որպես «բացառապես քաղաքական կլանային շահերին սպասարկող գործունեություն ծավալող»։ Նրա վճիռները նաև հայտնվել են ՄԻԵԴ-ի գործերի հիմքում, ընդ որում՝ Հայաստանի համար ոչ նպաստավոր ելքերով։ Այս գործերից մեկով հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, դատական ճանապարհով հասել է ամրագրման, որ Մարտիրոսյանը կայացրել է «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռ»։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ներկայացնում է Մնացական Մարտիրոսյանի կայացրած այն դատավճիռները, որոնցում ՄԻԵԴ-ը հաստատել է քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներ։
Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի
Առաջին ատյանի դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2009-ի մարտի 23-ին Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբորը՝ Վարդան Ջհանգիրյանին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկան Ռ.Մ.-ի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ և դատապարտեց նրան երեք տարի ժամկետով պայմանական ազատազրկման։ Այս գործը հետագայում գնաց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Գործի նախապատմությունը
2008-ի նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 22-ին, Ազատության հրապարակում Գագիկ Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատախազի տեղակալ, ելույթ ունեցավ իշխանության քաղաքական հակառակորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքին։ Նա անդրադարձավ նախագահական ընտրություններին արձանագրված կեղծիքներին ու բռնություններին, ինչպես նաև հայտարարեց, թե հոկտեմբերի 27-ի գործով կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով բուն գործից անջատված մասով քրեական գործի վարույթը ապօրինի կարճվել է: Հաջորդ օրը Գագիկ Ջհանգիրյանը եղբոր հետ միասին Արգավանդի խաչմերուկից ապօրինի զենք կրելու համար բերման ենթարկվեց:
Հետագայում Վարդան Ջհանգիրյանն անցել է ներպետական բոլոր ատյաններով ու դիմել ՄԻԵԴ։ Եվրոպական դատարանը 2021-ի մայիսի 18-ին այս գործով կայացրել է վճիռը։
«Դատարանը գտնում է, որ դիմումատուի կալանավորումը, առանց նրա հիմնական առօրյա կարիքների ապահովմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման, հավասարազոր է անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, որը Կոնվենցիայի («Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի – Գ.Թ.) 3-րդ հոդվածի խախտում է»,- նշել է ՄԻԵԴ-ը։
Դատարանի միաձայն վճռում արձանագրվել են ինչպես ոստիկանների, այնպես էլ հենց դատարանի կողմից թույլ տված խախտումները.
«6. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի կալանքի պայմանների մասով.
8. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ գործը քննող դատարանում լսումներին դիմումատուի մասնակցության մասով.
9. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում այն մասով, որ 2008 թվականի ապրիլի 24-ից հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուին կալանքի տակ պահելու համար առկա չի եղել իրավական հիմք»։
Ինչպես երևում է այս գործից, Մնացական Մարտիրոսյանն «անմասն» չի մնացել գործընթացից ու ինչպես արձանագրել էր Նիկոլ Փաշինյանը կոնկրետ այս գործով «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ» դատավորներից է։
2022-ի օգոստոսին ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին՝ պահանջելով պատժել դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ Գագիկ Ջհանգիրյանի եղբորը՝ Վարդան Ջհանգիրյանին մեղավոր ճանաչելու և ազատազրկման դատապարտելու համար: Ընդ որում, հստակ նշվում էր, որ «կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի մայիսի 18-ի վճիռը», այսինքն՝ այն, ինչ բառացի ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Այդուհանդերձ, 2022-ի նոյեմբերի 3-ին միջնորդությունը թողնվեց առանց քննության՝ «ԲԴԽ-ում հարցի քննության օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով»:
Նոյեմբերի 21-ին նույն ԲԴԽ-ն դատավորին ընտրեց նոր պաշտոնի։
Վարդանյանն ընդդեմ Հայաստանի
Բացառիկ է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճիռը, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ունեզրկված Յուրի Վարդանյանին վճարել աննախադեպ չափի գումար՝ ավելի քան 1,6 մլն եվրո։
Դատարանը վճիռը կայացրել էր 2019-ի հուլիսի 25-ին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի՝ դատական վեթինգի հայտնի ելույթից երկու ամիս անց։ Այս վճիռը վերաբերում էր բացառապես փոխհատուցման գումարին, քանի որ ավելի վաղ 2016-ի վճռով դատարանն արդեն արձանագրել էր Վարդանյանի իրավունքների խախտումը։
Գործը սկսվել էր հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանից։
2005-ի նոյեմբերի 22-ին «Վիզկոն» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանի անունից հայց էր ներկայացրել Անշարժ գույքի պետական ռեգիստրի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել հողամասի նկատմամբ Վարդանյանի սեփականության իրավունքի գրանցումը` պնդելով, որ դա երբևէ որևէ դատական ակտով ճանաչված չի եղել:
2006-ի հունվարի 13-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, գտել էր, որ հողամասի նկատմամբ Վարդանյանի սեփականության իրավունքը երբևէ դատական ակտով ճանաչված չի եղել:
Նախկինում գործը վարում էր փաստաբան Վահե Գրիգորյանը, որը ներկայում զբաղեցնում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։ ՄԻԵԴ-ում գործի սկզբնական փուլում հենց Գրիգորյանն էր այն ներկայացնում, այնուհետև լիազորությունները փոխանցվել են փաստաբան Սերգեյ Գրիգորյանին։
Սերգեյ Գրիգորյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ Մարտիրոսյանը մեկ այլ վճիռ է կայացրել 2006-ի օգոստոսի 22-ին․ նա վճռել է դադարեցնել պատասխանող Յուրի Վարդանյանի սեփականության իրավունքը բնակելի տան նկատմամբ և վտարել նրան իր տնից։ Այս բոլոր հանգամանքները հիմք են հանդիսացել ՄԻԵԴ-ի վճռի համար։
Այս գործով ուշագրավ փաստեր ի հայտ եկան 2012-ին։ «Հետքը» զրուցել էր Պավել Անդերսոնի հետ, որը «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն էր։
Անդերսոնը պնդել էր, թե «վտարվողներից մեկի՝ Յուրի Վարդանյանի գործով անձամբ է կաշառել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ վճարելով 5000 ԱՄՆ դոլար»:
«Ինչ վերաբերում է Անդերսոնի բարձրաձայնած կաշառքներին, ապա գործում դատավորների ու դատարանների կողմից բերված պատճառաբանությունները, իսկ ավելի հաճախ՝ պատճառաբանությունների բացակայությունը, ողջամտորեն կարող էր հիմքեր տալ մտածելու, որ կոնկրետ դատավորները, սկսած Մնացական Մարտիրոսյանից, կոնկրետ շահագրգռվածություն ունեն այդ գործում»,- ասել էր այդ ժամանակ փաստաբան Վահե Գրիգորյանը։
Այս դեպքով էլ, վերլուծելով ՄԻԵԴ-ի վճիռը, տեսնում ենք, որ խախտում է եղել նաև առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վճիռներում։
«Դիմումատուն պնդել է, որ բավարարելով Երևանի քաղաքապետարանի հայցն առաջին ատյանի վարույթում՝ ներպետական դատարանները խախտել են վճիռների վերջնական լինելու սկզբունքը»,- Վարդանյանի պնդումն է մեջբերել ՄԻԵԴ-ը՝ արձանագրելով, որ դիմումատուի սեփականության իրավունքը ճանաչվել է Գերագույն դատարանի նախագահության` 1997 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ։ Այս մասով դատարան Կոնվենցիայի համապատասխան հոդվածի խախտում է արձանագրել։
Փաշինյանն ընդդեմ Հայաստանի
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դեռ տարիներ առաջ փորձել է ապացուցել, որ մի շարք դատավորներ, նախ և առաջ՝ Մնացական Մարտիրոսյանը, կայացրել է, ինչպես կասեր վարչապետ Փաշինյանը՝ «քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռ»։ Այդ նպատակով ընդդիմադիր Փաշինյանը դիմել էր ՄԻԵԴ։
Գործի նախապատմությունը
2010-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի վճռով դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ 2008 մարտիմեկյան անկարգությունների համար։ Անցնելով ներպետական ատյաններով, Նիկոլ Փաշինյանը դիմել էր Եվրոպական դատարան, որն էլ կայացրել էր վճիռ՝ հօգուտ դիմումատուի. 2022-ի հունվարի 18-ին դատարանը վճռել էր, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ և 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումներ։
Նիկոլ Փաշինյանը ՄԻԵԴ էր դիմել մի քանի բողոքներով, դատարանը, սակայն, քննել էր «2009-ի հոկտեմբերի 12-ից մինչև 2010-ի հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուին ենթադրյալ ապօրինի կալանքի տակ պահելու և ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության նրա իրավունքին միջամտելու վերաբերյալ բողոքները», այսինքն՝ քննված բողոքներից առնվազն մեկն ուղիղ առնչվում էր Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճռին
«Դիմումատուն բողոքել է, որ դատաքննության ընթացքում իրեն կալանքի տակ պահելը եղել է անօրինական։ Դիմումատուն նշել է, որ Վարչական շրջանների դատարանի՝ գործը դատական քննության նշանակելու մասին 2009-ի հոկտեմբերի 12-ի որոշմամբ իր նկատմամբ նշանակված կալանքը չի համապատասխանել օրինականության պահանջին, քանի որ այն նշանակվել է անորոշ ժամկետով, ընդ որում, առանց որևէ հիմնավորման»,- Մնացական Մարտիրոսյանի՝ կալանավորելու մասին որոշումը դատարանին էր մեկնաբանել դիմումատու Նիկոլ Փաշինյանը։ ՄԻԵԴ-ն էլ արձանագրել էր, որ «տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»։
Այս հանգամանքն առավել քան ուշագրավ է, եթե հարցը դիտարկում ենք այսօրվա իրողությունների համատեքստում։
Ստացվում է հետևյալ իրավիճակը. 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարում է, որ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից», 2022-ի հունվարին ՄԻԵԴ-ի վճռում հստակ արձանագրվում է, որ Մնացական Մարտիրոսյանի՝ 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ՝ խախտվել է քաղաքացիներից մեկի, այն է՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իրավունքը՝ թերևս ամենակոպիտ խախտումն արձանագրելով։
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. …
գ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար[:]»
Բացի այդ, ՄԻԵԴ-ը վճռել է, որ ներպետական դատարանները խախտել են նաև Կոնվենցիայի 11-րդ հոդվածը։
Այսպիսով՝ ոչ միայն Փաշինյանն ընդդեմ Հայաստանի, այնպես էլ մյուս երկու գործերով ՄԻԵԴ-ը գտել է, որ այդ թվում՝ Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճիռներով խախտվել են մարդկանց իրավունքները, սակայն Փաշինյանի կառավարման օրոք Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն չի լքի դատական համակարգը, այլ ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում։
Լուսանկարը՝ armtimes.com-ի