Ադրբեջանի զանգվածային սպառման ֆիլմերը մեր մասին (մաս երկրորդ) 

Նախորդ հոդվածը՝ այստեղ։

Շարունակելով 2020-ի պատերազմից հետո ադրբեջանական զանգվածային սպառման ֆիլմերի մասին պատմող նյութը՝ ընթերցողին ենք ներկայանցնում «Ղարաբաղ: Հոգիս» ֆիլմը։ Այն նվիված է Ղարաբաղյան պատերազմում զոհված լրագրողներին և պատմում է Առաջին պատերազմում զոհված ադրբեջանցի լրագրող Սալաթին Ասկերովայի մասին։ Սալաթին Ասկերովան զոհվել է Լաչինից Շուշի ճանապարհին 1991-ին։ Նա ազգային հերոս է, թաղված է շեհիդների պուրակում, նրա անունով անվանակոչված է փողոց, թյուրքական դպրոցների ռուսաց լեզվի առարկայի դասագրքում ներառված է «Ծնունդդ շնորհավոր, Սալաթին» պատմվածքը։ Սրանից հետևում է, որ Ասկերովային մարմնավորող դերասանի խոսքը շատ ազդեցիկ է զանգվածի համար, կշիռ կարող է ունենալ նույնիսկ ինտելեկտուալ այս «կայֆիցենտ» ունեցող ֆիլմի պարագայում։

Ֆիլմի ամբողջ ընթացքում մի քանի անգամ շեշտվում է, որ լրագրողուհին հայտնի է արդարամտությամբ, ճշմարտությունն ընթերցողին հասցնելու համարձակությամբ։ Ռուս փոխգնդապետ Լարիոնովին, որի ուղեկցությամբ Ասկերովան գնում է Շուշի (Շուշին դեռ ադրբեջանցիների վերահսկողության տակ է)։ Երբ փոխգնդատեն Ասկերովային ասում է՝ կնոջ գործ չի սա, լրագրողուհին պատասխանում է՝ ճշմարտությունը սեռ չունի։

Ֆիլմ նկարողների շնորհիվ վերջում հասկանալի է դառնում, որ ճշմարտությունը սեռ չունի, քանի որ ճշմարտությունն այստեղ ուղղակիորեն սեռախախտ է։

Այսպիսով, լրագրողուհին գումարտակի հրամանատար, ռուս փոխգնդապետ Լարիոնովի հետ գալիս է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ադրբեջանական հոսպիտալ, որի ցուցանակն ի դեպ ռուսերեն է, բայց առանց «մյագկի զնակ»-ի։ Այստեղ հոսպիտալի պետ Գերասիմովը հայտնում է, որ պիտի գնան մի հայկական գյուղ, որտեղ շատ զոհեր կան։ Ադրբեջանական պատմա-մեդիա-կինո ավանդույթին փոքր-ինչ ծանոթ ցանկացած գրագետ հայի համար անսպասելի էր ֆիլմի այսպիսի սկիզբը, բայց զարմանքը արագ փարատվեց․ հայկական գյուղում հայերը կախել ու սպանել էին իրենց ազգակից հայերին։ Ասկերովան, հոսպիտալի պետն ու փոխգնդապետը մոտենում են ծառից կախված հայ ծերունուն, որի կրծքին հայերը թողել են «դավաճան» ցուցանակը։ Այստեղ հոսպիտալի պետը պատմում է, որ սա Ռուբեն Գուրգենովիչ Հայրապետովն է, որը հրաշալի մարդ էր և պայքարում էր հայ ազգայնականների անջատողական գաղափարների դեմ։ Հոսպիտալի պետ Գերասիմովն ասում է՝ հայերը սպանում են հայերին, ոչ մի տեղ այսպիսի բան չեմ տեսել, ինչին լրագրողուհի Ասկերովան պատասխանում է՝ ես տեսել եմ, Սումգայիթում։ Ռուս փոխգնդապետն ասում է՝ դա մութ պատմություն է, ինչին Ասկերովան վճռական պատասխանում է, որ ոչ մի մութ բան չկա՝ ԽՍՀՄ ԿԳԲ-ն ու ԽՍՀՄ դատախազությունն ամեն ինչ պարզել է։

Ապա երեքով մոտենում են այլ դիակների, որոնց մեջ ճանաչում են Խոջալուի (Ստեփանակերտի) օդանավակայանի դիսպետչեր Մարիայի Բաղդասարյանին։ Այստեղ էլ գնդապետը պատմում է, որ հայ անջատողականները եկել-պահանջել են, որ չեղարկվեն Բաքու չվերթները, կինը չի ենթարկվել, ուղարկել է նրանց գրողի ծոցը, ասել է, որ սա ադրբեջանական օդանավակայան է և ենթարկվելու է միայն Ադրբեջանին։ Հետո նկուղից գտնում են մի հայ տղա երեխայի, որը հայերից զզված՝ սիրով պատմում է բարի ադրբեջանցիներին, թե ինչեր են արել հայերը։

Վերադառնում են հոսպիտալ։ Տարեց ադրբեջանուհին լացելով խնդրում է իմանալ՝ որտեղից հայերին այդքան զենք։ Ասում է՝ դա ձեզ է պետք՝ երիտասարդներիդ, որ իմանաք, ապագայի համար, որ ամեն ինչ հասկանաք, ամեն ինչ իմանաք։

Այստեղ հերոսուհին հանդիպում է ադրբեջանցի մեկ այլ լրագրողի՝ Չինգիզ Մուսատաֆաևին։ Միասին կանգնած են նախորդ ֆիլմի հերոսի մահճակալի մոտ։ Հերոսի երկու ոտքերը կտրված են և նորից բացատրում են, որ այս մարդու ամենամտերիմ հայ ընկերը սպանել է նրա աներոջը, կնոջը երկու երեխային և նռնակով պայթեցրել ընկերոջը։

Չինգիզ Մուստաֆաև։ Ադրբեջանցի լրագրող։ Բժիշկ-լրագրող։ Լուսաբանել է Արցախյան պատերազմը։ Զոհվել է 1992-ի հունիսի 15-ին։

Չեխ լրագրող Դանա Մազալովան իր հարցազրույցներից մեկում Չինգիզ Մուստաֆաևի մասին պատմում է հետևյալը․

Ստեփանակերտի օդանավակայանի մոտակա տարածքը Մութաբիլովը լցնում էր մեսխեթցի թուրքերով, որոնց Ստալինը արտաքսել էր Վրաստանից, և Մութալիբովը կարծում էր, որ մեսխեթցի թուրքերի միջոցով կարող էր փոխել Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը։ Ադրբեջանի հրահանգով օդանավակայանը փակվեց։

Հայկական կողմը զգուշացրել էր Խոջալուի բնակիչներին, որ իրենք պիտի վերցնեն օդանավակայանը, որովհետև Հայաստանի հետ կապող միակ միջանցքն էր։

Չինգիզ Մուստաֆաևը ինձ կանչեց իր տուն, իր հետ ես մինչ այդ ծանոթացել էի Ղարաբաղում, Ելցինի՝ Ղարաբաղ կատարած այցի ժամանակ։ 1991-ի աշունն էր։ Աղդամից գալիս եմ Բաքու, երեկոյան նստած եմ Չինգիզի մոտ, և Չինգիզը ինձ ցույց է տալիս Ղարաբաղում նկարած կադրեր։ Չինգիզի աչքերը քառակուսի էին դարձել։ Նա ինձ ասում էր՝ Դանա, հասկանո՞ւմ ես՝ ինչ են արել։ Ես հիմա Բաքվով քայլելիս պիտի սաղավարտով ման գամ։ Այդ (իր նկարած) կադրերում նա տեսել է հետևյալը․ Չինգիզը թռչում է ադրբեջանական ուղղաթիռով ու վերևից տեսնում է դիակներ (Խոջալուի ադրբեջանցիների – Լ․Հ), դիակների արանքով քայլում են զինվորական հագուստով մարդիկ և ադրբեջանական ռազմական ուղղաթիռից, որի մեջ էր Չինգիզը, չեն վախենում։ Հետո Չինգիզը նկարում է մոտիկից։ Որպես բժիշկ նա բացատրում է՝ ինչպես են սպանել։ Ես հետո եմ իմացել, որ նրանք (հայերը) միջանցք են տվել Խոջալուից Աղդամ։ Այդ դիակները հայտնաբերվել են Աղդամին մոտ ադրբեջանական տարածքում։ Եվ Չինգիզը բացատրում էր. այդ մարդկանց ծնկներին են կրակել։ Ամենացավոտ տեղն է, որ չկարողանան շարժվել, միայն մի ծերունի էր սրտի կանգից մահացել։ Նա (Չինգիզը- Լ․Հ) ինձ բացատրեց, թե ինչ է դա նշանակում։ Դա շատ երկար մահ է, բայց շատ աղմկոտ։ Նրանց ձայները պետք է լսած լինեին Ադրբեջանի ժողճակատի անդամները, որոնց շտաբը հեռու չէր։ Նրանք պետք է լսած լինեին՝ ոնց են այս մարդիկ ցավից գոռում։

Չինգիզին հաջողվել էր դիակների մի մասը տեղափոխել Աղդամ։ 1992-ին փետրվարը քսանինը օր ուներ։ Չինգիզն ասաց, որ երբ վերադաձել է մյուս դիակների հետևից, տեսել է, որ ինչ-որ մարդիկ այդ դիակները հետմահու մաշկազերծել են։ Ինչո՞ւ։ Իմ ուղեղը չի ընկալում։

Լրագրող – եթե դա հայերն են՝ նրանք չէին կարող անել, որովհետև տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ էր։

Դանա Մազալովա – Չինգիզն ասաց, որ վախենում է առանց սաղավարտի քայլել Բաքվում, որովհետև ինքը նկարել է այս պատկերը։

Լրագրող – Մտածում եք, որ սա ադրբեջանցիների՞ն էր պետք։

Դանա Մազալովա – Այո (գլխով է անում)։

Մեր վերջին հանդիպումից երկու ամիս անց Չինգիզ Մուստաֆաևը նկարում էր, երբ իրեն սպանեցին։ Նա կարողացել է նկարել իր մահը, նա ընկել է իր ազգակիցների ձեռքից և․․․ բազմակետ։

Դա Կատինն է, «сталинщина» է, ամբողջ ադրբեջանական պետությունը «сталинщина» է։

Լրագրող – Միայն նրանք այդ մասին չգիտեն։

Դանա Մազալովա – Ադրբեջանի ներկայիս բնակիչներն այդ մասին չգիտեն, իսկ ով գիտի՝ դուրս է եկել Ադրբեջանից կամ մահացել է։

Ի դեպ, կա նաև իր՝ Չինգիզ Մուստաֆաևի ելույթը Խոջալուի դեպքի քննության ժամանակ։

Հաջորդ օրը Ասկերովան Լարիոնովի ու մեկ այլ ռուս զինվորականի հետ Շուշի գնալու ճանապարհին հայկական եկեղեցու մոտով անցնելիս հարցնում է Լարիոնովին՝ տեսնո՞ւմ եք ալբանական այն եկեղեցիները։

Լարիոնով – Ինչո՞ւ ալբանական, հայկական եկեղեցիներ են ոնց որ։

Ասկերովա – Հայկական դարձել են Նիկոլայ առաջինի հրամանով։

Լարիոնով – Դասագրքերում այդպիսի բան չկա, ի՞նչ գիտեք։

Ասկերովա – դասագրքերում չկա, ինձ իմ պատմության ուսուցչուհի Նադեժդա Վասիլևնան է պատմել։

Ամենայն հարգանքով Նադեժդա Վասիլևնայի հանդեպ, բայց չի կարելի ադրբեջանցի ժողովրդին թողնել Նադեժդա Վասիլևնայի հույսին։

Մինչ այս երկխոսությունը Ասկերովային մարմնավորող հերոսուհին պատմում է, որ տարիներ շարունակ թույլ ենք տվել՝ յուրացնեն մեր երաժշտությունը, տեղանունները, ճաշերը։ Ես հավաստիացնում եմ ձեզ՝ որոշ ժամանակ հետո ադրբեջանցիները կսովորեն ռուսներից ոչ պակաս հետ շպրտել նրանց, ովքեր կփորձեն գրավել իրենց հողը։

Հնարավորություն չունենք իմանալու՝ ինչ է իրականում մտածել լրագրողուհի Սալաթին Ասկերովան, բայց գրագետ աղջիկ է եղել, ավարտել է Բաքվի ինդուստրիալ ինստիտուտը, որտեղ, ըստ տարբեր աղբյուրների, տարբեր ժամանակներում դասավանդել ու գիտահետազոտական աշխատանքներ են իրականցրել են Ի․Վ․ Կուրչատովը, Կ․Ա․ Կրաուսկին, Լ․Ս․ Լեյբենզոնը, մաթեմատիկական մեքենաների ամբիոնի վարիչ Մելիք Շահնազարովը, Պրոցեսներ և ապարատների ամբիոնի վարիչ Բահատուրովը և այլք, որոնցից վերջին երկուսը, ինչպես գուշակեցիք, ազգությամբ հայ են։ Նադեժդա Վասիլևնան այս մասին բան չի պատմել։

Եթե ես լինեի Ասկերովայի ազգականը, կվիրավորվեի նրան այսքան պարզունակ ներկայացնելու համար, մանավանդ, որ դատելով ավարտած բուհից՝ գրագետ մարդ էր։

Ֆիլմի վերջում զինվորական մեքենան պայթում է, զոհվում են բոլորը։ Հայտնվում են մի քանի տհաճ մարդ, որոնք բնականաբար հայ են, նրանցից մեկը էլի ողջ հայկական ռեգիոնում միակ Արթուրիկն է, որին ծանոթ ենք ֆիլմի առաջին մասից, և վաթսունն անց մեկ ուրիշ հայ զինվոր, որը նորից կոչվում է Աշոծիկ։ Զոհված ռուս զինվորականների մասին այս երկու՝ «իկ» փաղաքշականով ավարտվող հայի երկխոսությունը մտավոր հետամնացի երկխոսություն է։ Ավելին՝ վաթսունամյա Աշոծիկը հայտնաբերում է, որ ռուս փոխգնդապետ Լարիոնովը չի մահացել, բայց Արթուրիկը կրակում է Լարիոնովին։ Թե՝ ինչո՞ւ։

Այսպիսով, ավարտվում է ադրբեջանական ժամանակակից կինոյի 2020-ից հետո ստեղծված զանգվածային սպառման այս երկմասանոց ֆիլմը։

Հետևությունները՝ մեզ։

Մեկնաբանել