Արցախում Ադրբեջանը խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չունի․ ՊԲ

Նոյեմբերի 29-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախում շփման գծի արևելյան ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ, հայկական կողմը կորուստներ չունի։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

ՊԲ-ից նշում են, որ հրադադարի խախտման մասին տեղեկությունը ներկայացվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

«Նոյեմբերի 30-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի պաշտպանական գերատեսչությունը միևնույն ժամանակ հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 18։10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը կրակել է սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հակառակորդը կիրառել է նաև ականանետ։

Մեկնաբանել