Քրեական հետապնդում է հարուցել Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ

Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել, հայտնում է դատախազությունը։

Մասնավորապես, ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը 2015-ի մարտին դստերը՝ Յուլյա Գասպարյանին, նշանակել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Մինչև 2018-ի մարտը նա զբաղեցրել է այդ պաշտոնը։ 2018-ին Վլադիմիր Գասպարյանը դստերը նաև շնորհել է ոստիկանության փոխգնդապետի կոչում։

Դատախազությունից նշում են, որ նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յուլյա Գասպարյանն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:

«Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, քաջատեղյակ լինելով Յ.Գ․-ի կողմից ավելի քան երեք տարի սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև պաշտոնական դիրքի օգտագործմամբ, նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը, որոնցում ներառված են եղել նաև անհարգելի պատճառներով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յ.Գ.-ի տվյալները»,- ասված է հաղորդագրությունում։

Արդյունքում երեք տարվա ընթացքում Յուլյա Գասպարյանին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ։ Վերջինս էլ, աշխատանքի չհաճախելու և պարտականությունները չկատարելու պայմաններում, ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները:

«Այսպիսով, Յուլյա Գասպարյանը պաշտոնավարման ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, օժանդակել է Լևոն Երանոսյանին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ հափշտակություն կատարելուն: Վերը նշված հանցանքը կատարելու համար նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Յուլյա Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար այն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։