Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելը կպահպանվի

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման հարցին, հայտնում է արդարադատության նախարարությունը։

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստը: Նիստի օրակարգում ՀՀ կառավարման ձևի ընտրության հարցն էր։

«Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը և հիմնավորումները: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու անհրաժեշտությունը և հիմնավորումները։ Նիստի ավարտին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, դեմ՝ 1, ձեռնապահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը»,- ասված է հաղորդագրությունում։