Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունների շուրջ քննարկումները կշարունակվեն. ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությունը, որ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում:

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հանրայնացրել էր դեռևս նոյեմբերի սկզբին:

Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպմանը հայկական կողմից ներգրավված են եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 1֊ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում վերաբերելի գերատեսչությունները:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Քննարկումները շարունակվելու են»,- ասաց Հունանյանը:

***

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը դրական է որակել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը և խոսել առաջիկայում կամ մոտ հեռանկարում հնարավոր արդյունքների մասին:

«Եթե չեմ սխալվում՝ նոյեմբերի 1ին կամ 2-ին սահմանին երկու պատվիրակությունների մասնակցությամբ [Հայաստանի և Թուրքիայի] հանդիպում է կայացել, որի ընթացքում քննարկվել են տեխնիկական հարցեր: Դրանք վերաբերում են ցամաքային սահմանի հնարավոր բացմանը, դրա վերահսկմանը, կամուրջների, ճանապարհների, մաքսային գործունեությանը»,- ասել է Քալընը A Haber հեռուստատեսության հետ զրույցում՝ նշելով, որ այդ հարցերում կարելի է «ազատորեն խոսել դրական գործընթացերի մասին»:

Առաջիկայում հնարավոր քայլերի համատեքստում Քալընը նշել է նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման հեռանկարը:

Մեկնաբանել