Ջոն Լենոնին սպանող Մարկ Դեյվիդ Չեպմենը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման, յոթերորդ անգամ դատարան է դիմել ներման խնդրանքով, հայտնում է AFP-ն:
Խնդրագիրը քննության կառնվի օգոստոսի 21-ին: Նյու Յորքի Լինդա Ֆոգլիա բանտի մամուլի բաժնի աշխատակցի խոսքով` դատարանի որոշումը հայտնի կդառնա մինչև շաբաթվա վերջ:
Վաղաժամկետ պայմանական ազատման հանձնաժողովը մերժել է Չեպմենի ուղարկած նախորդ վեց խնդրագրերը` Լենոնի այրու` Յոկո Օնոյի գրավոր խնդրանքի հիման վրա:
Չեպմենը կրակել է Ջոն Լենոնի վրա 1980թ. դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում` երաժշտի տան մոտակայքում: Լենոնը Յոկո Օնոյի հետ միասին վերադառնալիս է եղել ձայնագրման ստուդիայից, երբ մարդասպանը հինգ անգամ կրակել է նրա վրա: Լենոնին շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է արյան կորստից:
Սպանության պահին Չեպմենը 25 տարեկան էր և հոգեկան խանգարում ուներ: Իր արարքից անմիջապես հետո նա նստել է փողոցում` լապտերի տակ, Սելինջերի «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպը ձեռքին: Դատարանը սակայն նրան մեղսունակ է համարել և դատապարտել ցմահ ազատազրկման: Դատավճիռը ենթադրում է, որ դրա` ուժի մեջ մտնելուց 20 տարի անց Չեպմենը կարող է յուրաքանչյուր երկու տարին մեկ դիմել ներում ստանալու համար: