Ռուսական առաջարկներ, ԼՂ կարգավիճակ և խաղաղության պայմանագիր․ կարևորը՝ Լավրովի ասուլիսից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, ԼՂ կարգավիճակի, ռուսական առաջարկների և այլ հարցերի։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքը ենթավերնագրերով ներկայացնում ենք ստորև․

Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը

Ըստ Լավրովի՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Արևմուտքը, մասնավորապես՝ Վաշինգտոնը և Փարիզը, հայտարարեցին, որ ոչ մի ձևաչափով Ռուսաստանի հետ չեն համագործակցի․ «Դրանով նրանք հայտարարեցին Մինսկի խմբի գործունեության դադարեցման մասին»,- նկատեց նա։

«Դրա համար, երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են Մինսկի խմբի մասին, մենք իրենց ասում ենք՝ այդ հարցը մեզ չի ուղղված, դա հարց է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և իհարկե, հարց է Ադրբեջանին, որովհետև առանց Ադրբեջանի մասնակցության ինչ-որ միջնորդական ջանքեր իրականացնելն անիմաստ է»,- նշեց Ռուսաստանի արտգործնախարարը։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ, Ֆրանսիան, և ընդհանրապես ԵՄ-ն, փորձում են «իրենց կողմից թաղված Մինսկի խումբը» փոխարինել այլ միջնորդական ջանքերով։

Խաղաղության պայմանագիր և ԼՂ կարգավիճակի հարց հայության իրավունքներ

Լավրովը նշում է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի՝ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն և Ալմա-Աթայի 1991-ի հռչակագրի հիման վրա։

«Ալմա-Աթայի հռչակագիրն ասում է, որ բոլոր դաշնակից հանրապետությունները ստեղծում են անկախ պետությունների համագործակցություն և հաստատում են սահմանների անխախտելիությունը՝ այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության երկրների միջև։ Այլ խոսքով, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության մաս է եղել։ Եվ երբ դա հավանության է արժանացել և Ադրբեջանի, և Հայաստանի, և Ֆրանսիայի, և Միշելի (Եվրոպական խորհրդի նախագահ – խմբ․) կողմից, որ մենք ճանաչում ենք Ալմա-Աթայի հռչակագիրը, դա իհարկե հեշտացնում է հետագա աշխատանքը, որովհետև դա լուծում է հարցը՝ ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին»,- ասաց նա։

Ռուսաստանի ԱԳ նախարարը ընդգծեց, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին ժամանակահատվածում խոսում է ոչ թե ԼՂ կարգավիճակի, այլ ԼՂ հայության իրավունքների մասին։

«Ադրբեջանական կողմը պատրաստ է դա քննարկել։ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,- հայտարարեց Լավրովը։

Ռուսական առաջարկների և դրանք հաստատելու Հայաստանի պահանջի մասին

«2012-ին մենք ունեինք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում հնարավոր կլիներ այս հարցն ընդմիշտ փակել։ Այդ ժամանակվանից ի հայտ եկավ «Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագային թողնելու» հայեցակարգը»,- ասաց Սերգեյ Լավրովը։

Ըստ այդ առաջարկների՝ հայկական ուժերը պետք է դուրս գային ԼՂ հարակից հինգ շրջաններից՝ պահելով Հայաստանն ու Արցախը միմյանց կապող երկու շրջանները։ Լավրովի խոսքով՝ այդ երկու ադրբեջանական շրջանների ճակատագիրը պետք է որոշվեր Ղարաբաղի կարգավիճակի հետ միասին․ «Ենթադրվում էր, որ կթողնվի հաջորդ սերնդին»։

«Պատերազմից հետո նորից խոսվում էր, որ պետք է քաղաքական գործընթաց սկսել և կար ըմբռնում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարելի է թողնել ապագային։ Դրանից ելնելով` Ռուսաստանը մշակել է խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը գարնանը փոխանցվել է կողմերին։ Այնտեղ այդ արտահայտությունը (կարգավիճակի հարցը հետաձգելու – խմբ․) կար։ Ի դեպ, ադրբեջանական կողմն ասել է, որ պատրաստ է պաշտպանել ամբողջը, բայց կարգավիճակի հարցով պետք է լրացուցիչ աշխատել։

Երբ հոկտեմբերի վերջին հանդիպում էին Սոչիում, մենք ուզում էինք վերադառնալ այդ հարցին և հասկանալ՝ որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել այն ջենթլմենական հասկացողության հիման վրա, որ պետք է լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագային։ Բայց երբ նրանք՝ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը, եկան Սոչի, նրանք բերեցին Պրահայի նույն այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ ուզում են կնքել խաղաղության պայմանագիր՝ ղեկավարվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա-Աթայի հռչակագրով։ Իսկ Ալմա-Աթայի հռչակագիրն արդեն հիշատակեցի՝ ինչ է ասում։ Եվ այս փաստաթուղթը ստորագրելով` հայ գործընկերները մեզ ասում են՝ թող Ռուսաստանը հաստատի Ղարաբաղի կարգավիճակի մասով իր առաջարկները, դա մի քիչ բանակցություններ վարելու օպերայից չէ, դա այլ օպերայից է»,- եզրափակեց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։