Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր:
«Վարչապետը ողջունել է Ռիքերի այցը տարածաշրջան և բարձր գնահատել ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ»,- նշված է հաղորդագրությունում։
Փաշինյանն ու Ռիքերն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցերի: Կարևորվել է ԱՄՆ շարունակական աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:
***
Մինչ Հայաստան ժամանելը, Ֆիլիպ Ռիքերն այցելել էր Ադրբեջան և Վրաստան։ ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը հանդիպմներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։