Սարսափելի, սովորական լուրերն ու մենք

Պեմզաշենում կատարված առանձնակի դաժան սպանությունը պարունակում է «նվազագույն բարոյականության» ու անգամ տրամաբանության հետ դժվար համատեղելի մանրամասներ։ Դեպքը մեկն է նրանցից, որոնք ահասարսուռ, ողբերգական և նման որակումներից զատ լուրերում հայտնվում են որպես հանրությանը ցնցած, առեղծվածային։ Այդպիսով, շեշտվում է եղածի անըմբռնելիությունը, «հասկանալի սպանության» սահմաններից դուրս լինելը։ Առաջին արձագանքներում էր նաև հավելյալ «հայկական հարցը»․ ինչպե՞ս կարող է հայ մարդը նման բան անել։

Սոնա Մանուսյանը

Եվ ահա այս տարակուսանքի ու վրդովմունքի ֆոնին ոստիկանությունը լրահոս նետեց սարսափի շռայլ մանրամասներ՝ մի կողմից մեծացնելով հուզական տատանումը, մյուս կողմից զգայուն դեպքը պարզեցնելով տեխնիկական հաշվետվության մակարդակի։ «Առեղծվածային» որակվելուց ընդամենը օրեր անց պարզվեցին սպանության «էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը»։ Քննչական կոմիտեից մեջբերվող հաղորդագրության մեջ նաև նշվում էր ձերբակալվածի հոգեբուժական ախտորոշումը, դռան բաց լինելը՝ որպես նպաստող հանգամանք և այլ կարճ-կոնկրետ բաներ։ Լրատվական նյութերում մեծ ծավալ էին գրավում ոստիկանության աշխատանքի երկարաշունչ գովեստներ, օրինակ՝ «մեծ ու հսկայածավալ և բավականին կարևորագույն աշխատանքներ», «մարզային քննչական վարչության փորձառու ու իրենց աշխատանքում հարուստ փորձ ունեցած քննիչների խումբը կատարել էր բազմակողմանի աշխատանք, ինչը նրանք արել էին բավականին մանրակրկիտ …»։

Դեպքի լրջության ֆոնին անպատեհ են թվում վատ շարադրության նմանվող հաղորդագրությունները, որոնցում առաջին պլանում ոստիկանների գործողությունների փրփրուն նկարագրությունն է. տեղերով փոխվում են կարևորն ու երկրորդականը։ Կարելի է անգամ ասել, որ աննախադեպ էր ոչ այնքան հանցանքը, որքան դրա մասին լրատվությունը՝ դաժանության մանրամասներով, առանց իրավական կամ էթիկական արգելակների, միայն նախաքննական նյութի հիման վրա։

Այն, որ մեդիայում այլևս չկա անձնական կյանքի մահվան անգամ վերջին փշրանքը, արդեն գիտենք․ գլոբալ խնդիր է։ Հայաստանում սա հավելյալ շերտ է ստանում․ կոնկրետ աղջկա, ընտանիքի, նրանց սգացող հարազատների հետ տեղի ունեցածն առօրյա խոսակցություն դարձնելը ժամերի հարց է։ Այդ մարդիկ մի կողմից անդեմ լուրեր են արդեն, մյուս կողմից՝ իրական մարդիկ, որոնց կգտնես րոպեական հարցուփորձով։ Սրան ավելանում է հայաստանյան մեդիան՝ տեսանկյուն գրեթե չառաջարկող, հիմնականում վերատպող։ Այս երկու՝ հանրային ու մեդիա ցանցերն, իրար միանալով, ոստայնի պես իրենց մեջ են առնում և կլանում ցանկացած նշանակալի թեմա։

«Առավոտ» լրատվականի տաղավարում հոգեբան փորձագետները քննարկում են, թե ինչ վտանգներ ունի նման աղմկահարույց գործերի լուսաբանման մեջ իրավական, էթիկական և այլ նուրբ կողմերը լուսանցքում թողնելը՝ հանուն դիտելիության մրցավազքի։ Այս կամ գուցե ևս մեկ-երկու նյութից զատ՝ չկան վերլուծական անդրադարձեր դեպքի որևէ կողմին։ Ահա այս բացակայության ֆոնին է, որ ոստիկանության մատուցած չոր հաղորդագրությունը դառնում է սարսափի մաս։ Սարսափ, որի հետ կարդացողը չգիտի, թե ինչ անել։ Իսկ անելու հարց կա, քանի որ կոլեկտիվ պատկերացումները խաթարելու մասշտաբով նման դեպքերը պատահում են ոչ միայն զոհերի ու հարազատի, այլև՝ ողջ հանրության հետ։

Այս դեպքերը հանրային են ոչ այն ինքնախարազանող իմաստով, որ «հիվանդ հասարակություն ենք», «սա ենք դարձել» և այլն։ Եվ ոչ էլ, սակայն, օտարելի են մեզնից, եթե արդեն տեղի են ունեցել։ Հասարակական խնդիր են, առնվազն, ծանր դեպքերին մեր արձագանքելու գերիշխող ձևերը։

Այդ խնդիրներից մեկը երևույթների բարդությունն ու անորոշությունն ընդունելու ցածր պատրաստակամությունն է, պարզ բացատրություն գտնելու ձգտումը։ Սրանից մի կողմից օգտվում, մյուս կողմից՝ սնում են պատկան մարմինները՝ հանրային կապերի նպատակ դարձնելով «լրիվ պարզել ենք»-ը։ Նախ, պարզունակ պատկեր ստեղծվեց շարժառիթը բացահայտելու հապճեպ հայտարարությունը։ Նման ծանր հանցանքների դեպքում ի սկզբանե հանցագործի «խելքին փչածը» և այն մտադրությունները, որոնք տարբեր գործոնների, այդ թվում՝ հոգեախտաբանության բերումով կառաջանային բուն հանցանքի ընթացքում, նույնը չեն։ Դրդապատճառների շղթան հասկանալը հսկայական թեմա է հանցավոր վարքի ուսումնասիրության մեջ։ Իսկ քննչական մարմինը հայտարարում է իր լայնածավալ աշխատանքի, չգիտես ինչու, շատ նեղլիկ արդյունքը՝ գողության շարժառիթը։ Հանրային իրազեկվածության չի նպաստում նաև հղումը կասկածյալի հոգեբուժական ախտորոշմանը։ Ավելին, նպաստում է թյուրըմբռնումների՝ հերթական անգամ ջուր լցնելով «հոգեկան հիվանդների» մասին ընդհանրացված, գրեթե ֆոբիկ պատկերացումների ջրաղացին։

Այսպես, «անձի էմոցիոնալ խանգարումը» ախտորոշում չէ ըստ որևէ արդի հոգեբուժական դասակարգիչի։ Անորոշ ձևակերպումը կարող էր վերաբերել ինչպես աֆեկտիվ խանգարմանը (որը «անձի սահմանային խանգարման» հնացած ձևակերպումն է, և որի դեպքում իսկապես կարող է լինել ծանր հանցանքների հակվածություն), այնպես էլ տրամադրության խանգարումներին (օրինակ՝ դեպրեսիվ, երկբևեռ), որոնք առավել ևս հանցավորության ուղիղ գործոն չեն: Հոգեախտաբանության և հանցավոր վարքի կապը կախված է շատ միջնորդավորող գործոններից։ Եվ հոգեբուժությունն էլ ճշգրիտ գիտություն չէ։ Օրինակ, հայտնի սերիական մարդասպանների մի մասը եղել է հոգեբուժական հաշվառման մեջ (սակայն ոչ այնպիսի ախտորոշմամբ, որ հոսպիտալացնելու ցուցում պարունակեր), մի մասի մոտ հոգեկան խանգարում է ախտորոշվել միայն հանցանքի բացահայտումից հետո։ Իսկ որոշ դեպքերում էլ գործող հոգեբուժական դասակարգման շրջանակներում որևէ խանգարում չի հաստատվել նույնիսկ փորձաքննության արդյունքում։

Արժե հավելել, որ մեր երկրում ախտորոշումները երբեմն դրվում են ոչ այնքան իրականությունն իմանալու, որքան՝ կոծկելու համար։ Այսպես, Հայաստանում իրենց կանանց կամ անչափահասների դաժանորեն սպանած քանի բռնարարի դեպքում հոգեախտորոշման հետ նրանց առնչության միակ դրվագը եղել է «աֆեկտ» խնդրահարույց ախտորոշումը ստանալը՝ քրեական պատասխանատվությունը մեղմելու կամ հանելու համար։

Տարիներ առաջ պատահական ընկա մի լուրի վրա, որ խորթ հայրը Ֆրանսիայում երեք տարեկան երեխային սպանել էր լվացքի մեքենայում պտտելով, իսկ խոստովանական ցուցմունքում անվրդով ասել, որ «լակոտն իր նյարդերի վրա ազդում էր»։ Մեկ այլ դեպքում նույն տարիքի երեխա մահացել էր բռնաբարության հետևանքով։ Հենց հիմա, սպանությունների ընթացքը նկարագրելիս, նկատեցի, թե ինչպես են մատներս կարկամում ու դիմադրում բառերը հավաքելուն։ Սա նույն այն երևույթն է, երբ մարդիկ հրաժարվում են հավատալ այսպիսի եղելությունների։ Ես այդ մարդկանցից մեկն եմ։ Որևէ հստակ գիտելիք չկա, որն օգնի ասել․ «Հա, դե պարզ է, այս-այս պատճառներով կարող էր լինել»։ Եղածը դժվար է ընդունել ոչ միայն մարդ-տեսակի ինքնության տեսակետից (սիրում ենք, չէ՞, ասել անմարդկային), այլև սեփական հանրության՝ «մենքի» տեսակետից։ Այն, ինչ կարող է մարմնավորել ծայրագույն չարիքը, բարդ է տեղավորել պատկանելության խմբում։ Սակայն, ենթադրում եմ, որ կամայական ֆրանսիացի այդ լուրը կարդալիս առաջին հերթին չէր ասի, որ անողը հաստատ ֆրանսիացի չէ։

Մեզանում հանրային կյանքն ու ազգային զգացմունքները չափազանց սերտաճած են՝ վտանգավոր նույնացում, որի հետևանքով չենք կարողանում հանրային խնդիրները տեսնել։ Ուղղակի նայել ու ասել՝ «տեսա, սա եղել է» առանց ազգայինի շուրջ հետագա դրամատիզացման։ Ահա բռնության դեպքերին հանրային արձագանքի խնդրահարույց կողմերից ևս մեկը։ Խնդիրը ոչ թե հենց հուզական արձագանքներն են, այլ այն, որ այդտեղ էլ մնում ենք։

Երեխաների, կանանց դաժան սպանությունները նոր չեն ո՛չ այլուր, ո՛չ էլ Հայաստանում։ Մինչդեռ ոճիրներ կան, որոնց կանխումը քիչ է կախված անհատական կամ հավաքական ջանքերից, բոլորը հավասարապես անկանխ(ատես)ելի չեն։ Ուրեմն կարող ենք գործել մեր ունեցած պատասխանատվության միակ կետում․ սեփական ու համայնքի խոցելիությունը նվազեցնելու։ Եվ այս նպատակին թերևս ավելի օգնեն «ինչպե՞ս», ոչ թե «ինչու՞» հարցերը։ Օրինակ, ոչ թե՝ «ինչու՞ է տղամարդը ծեծում իր կնոջը, երեխային», այլ՝ «ինչպե՞ս է լինում, որ ծեծում է ու շարունակում է ամեն օր պարզ երեսով դուրս գալ հանրություն»։ Սա՛ է հանրային հարցը։

Կարո՞ղ ենք, պատրա՞ստ ենք այս դեպքերի վրա տեսնել խոցելիություններ՝ բաներ, որ մարդուն բռնարարի, հանցագործի ավելի հարմար թիրախ են դարձնում։ Արդյոք այս դեպքին նայելով դեռ չե՞նք նկատում այն, որ կինը, երեխան առանց «ընտանիքի հոր» ավելի խոցելի են եղել, և «գլխին տեր» ունենալը անգամ խորը սոցիոպաթի համար զսպող գործոն էր լինելու։ Եվ սա տեսնելիս կուզե՞նք մտաբերել, թե քանի այդպիսի կամ ըստ մեր պատկերացումների որևէ այլ առումով վատ պաշտպանված երեխաներ, դեռահասներ ու կանայք կան մեր համայնքներում, որ գուցե ավելի առօրեական, «անտեսանելի» բռնությունների են ենթարկվում։ Կարո՞ղ ենք մեզ հարցնել, թե ինչն է մեր վերաբերմունքներում միայնությունը կամ անհայրությունը դարձնում ան-տերություն։ Կուզե՞նք սա համարել խնդիր։ Ու լուծումը չհամարել ընդամենը հայրերի ու ամուսինների ներկայությունը, թեև դա, անշուշտ, տեսականորեն միայն ցանկալի է։ Իսկ եթե, ինչպես որոշ դեպքերում, հենց նրա՞նք են բռնարարը։ Օրինակ՝ հետաքրքիր չէ՞, թե Պեմզաշենի դեպքով ձերբակալվածը, որն ըստ հաղորդումների քրեական անցյալ չունի ու երեխաների հայր է, արդյոք առաջին անգա՞մ է բռնարարքի դիմում, այդ թվում՝ հարազատների նկատմամբ, հարևանների համար նկատելի կերպով։

Ո՞րը կարող է լինել համայնքի դերը, ինչպիսի՞ն են այսօր մեր համայնք-անհատ կապերը փոխօգնության, փոխուշադրության տեսանկյունից, արդյոք կարո՞ղ են դրանք բարելավվել, դա մեզ կդարձնի՞ ավելի պաշտպանված։ Որպես հանրություն՝ ի՞նչ ենք պատրաստ անել՝ թե՛ ինստիտուտների, թե՛ հարաբերությունների առումներով։

Ուրեմն՝ կա՞ն այս խոցելիությունները, թե՞ ոչ։ Եթե այո, կարո՞ղ ենք դրանք դարձնել հանրային դիսկուրսի մաս՝ չվախենալով, որ մեզնից կխլվի դրական ազգային ինքնակերպարը, որը ևս, փաստորեն, փխրուն ու խոցելի է այնքան, որ մենք կարիք ունենք այն պաշտպանելու։ Ու որի մասին ևս արժե առանձին հարց տալ․ իսկ տեսնես ինչո՞ւ է այդքան խոցելի։

Այս հարցերին վստահ պատասխաններ չկան, բայց դրանք կարիք ունեն տրվելու․ որպեսզի լինենք ավելին, քան պարզապես վատ լուրերի սպառող։

Մեկնաբանել