Բորելը հանդիպումներ է ունեցել Միրզոյանի և Բայրամովի հետ

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպմանը Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին։ Զրուցակիցները կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում և քննարկել դրա գործունեությանը վերաբերող հարցեր:

«Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հայկական կողմի հանձնառությունը և բարձր գնահատել այս ուղղությամբ ԵՄ աջակցությունը: Նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու նպատակով գործադրվող ջանքերին և նպաստում էսկալացիայի հավանականության բարձրացմանը: Շեշտվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքների վերացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Նույն օրը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչը հանդիպել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Ժոզեպ Բորելը Թվիթերի իր էջում գրել է, որ Բայրամովի հետ քննարկել են տարածաշրջանային մարտահրավերները։

Բորելն ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության շուրջ բանակցություններին և վստահության ամրապնդմանը։

Ակնկալելով Ադրբեջանի համագործակցությունը՝ շարունակելու ջանքերը խաղաղության կառուցման և տարածաշրջանային բարգավաճման ուղղությամբ:

Մեկնաբանել