Իշխան Սաղաթելյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պատգամավորական մանդատը վայր չի դնի:

Նա չի թաքցնում, որ իր մանդատը վայր դնելու քննարկում եղել է, սակայն հավելում է, որ ՀՅԴ գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին:

«Դաշնակցության մեջ անհատական, անձնական որոշումներն այլևս չկան, երբ կա Գերագույն մարմնի որոշում: Հետևաբար, ես իմ մանդատը վայր չեմ դնելու: Եթե դնեի, դնելու էինք բոլորս: Եթե որոշել ենք, որ մասնակցում ենք, մասնակցում ենք բոլորս: Ընդդիմությունն այսօր ունի իր օրակարգով արտահերթ նիստ, և ես եկել եմ նիստին մասնակցելու»,- ասել Սաղաթելյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

***

Նոյեմբերի 29-ին ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան»-ը հայտարարել էր, որ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ պատգամավորներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը դիմում էին ներկայացրել իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

Նոյեմբերի 25-ին պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մեկնաբանել