Մանկապարտեզների ֆինանսավորումը Հայաստանում. խտրական պատկեր՝ Երևանի ու մյուս համայնքների միջև

Մկրտիչ Կարապետյան

​​Հայաստանում մանկապարտեզների ֆինանսավորման բաշխումը համայնքների միջև շարունակում է մնալ խիստ անհավասար ու խտրական։ Պայմանավորված բյուջեի մեծ մուտքերով ( Երևանի 2022-ի բյուջեն կազմել է մոտ 96 մլրդ դրամ)՝ մայրաքաղաք Երևանում մանկապարտեզ հաճախող երեխաների համար այն անվճար է, այնինչ Հայաստանի գրեթե մյուս բոլոր համայնքներում գործում է ծնողական համավճար, որին գումարվում են համայնքների կողմից հատկացվող միջոցներն ու ձևավորում մանկապարտեզների բյուջեն։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է մանկապարտեզների ֆինանսավորման մեխանիզմներն ու բացթողումները։

Տարբեր պայմաններ՝ Հայաստանում մանկապարտեզ հաճախելու համար

2011-ի ապրիլի 1-ից Երևանի ավագանու որոշմամբ համայնքային նախադպրոցական հաստատությունները սկսեցին գործել անվճար՝ հաշվի առնելով, որ բյուջեն թույլ էր տալիս այդ ծախսը վերցնել համայնքի վրա։ Երևանի քաղաքապետարանից ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ ներկայում 1 երեխայի հաշվով օրական ֆինանսավորումը 1 300 դրամ է, ամսական՝ 28 000։ Սրան գումարվում է ամսական 850 000 դրամ քաղաքապետարանի կողմից տրամադրվող գումարն ու ընդհանուր առմամբ ձևավորում մեկ մանկապարտեզի բյուջեն։ Մանկապարտեզների ֆինանսավորումն իրականացվում է ըստ երեխաների փաստացի հաճախելիության թվի։ Ինչպես մեզ գրավոր պատասխանեցին քաղաքապետարանից, մանկապարտեզների ֆինանսավորման հիմնական ծախսային ուղղություններն են՝ աշխատավարձերը, սննդի ու կոմունալ ծախսերը, ընթացիկ նորոգումների ծախսերը, գրասենյակային և տնտեսական առարկաների պահպանումն ու ծախսերը։ Երևանի քաղաքապետարանի կողմից մանկապարտեզներին հատկացված ֆինանսավորման ծավալները 2011-ից ի վեր ունեն այս տեսքը։

Մանկապարտեզների վրա քաղաքապետարանի այս ծախսերում որոշ նվազում նկատվում է 2020-ին, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի տարածմամբ ու դրան հետևած սահմանափակումներով։ Իսկ 2022-ի տվյալները քաղաքապետարանի կողմից ներկայացվել են մինչ հոկտեմբերի 10-ը կատարած ծախսերի կտրվածքով։

Մյուս համայնքներում երեխաները մանկապարտեզ են հաճախում համաֆինանսավորմամբ

Հայաստանի մյուս գրեթե բոլոր համայնքներում գործում է համայնքի ֆինանսավորում՝ գումարած ծնողական համավճարի մեխանիզմը։ Այսպիսի մեխանիզմով է կատարվում մանկապարտեզների ֆինանսավորումը Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ինչպես նաև այլ համայնքներում։ 2022-ի նոյեմբերի դրությամբ Գյումրիում կա մանկապարտեզ հաճախող 2 003 երեխա ու 24 մանկապարտեզ։ 1 երեխայի վրա ծախսվող միջին ամսական գումարը 25 200 դրամ է։ Համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ մանկապարտեզի համաֆինանսավորման չափը ծնողների համար կազմում է 8 000 դրամ, որից 6 000-ը բաժին է ընկնում սննդին, 2 000-ը՝ կոմունալ ծախսերին։

Գյումրիի քաղաքապետի խորհրդական Հայկ Սուլթանյանը, որը նաև եղել է փոխքաղաքապետ ու համակարգել նախադպրոցական կրթության ոլորտը, ներկայացնում է մանկապարտեզների ֆինանսավորման մեխանիզմը. «2014 թվականին ավագանու որոշում եղավ, կարգ հաստատեցինք, որը վերաբերում է համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաներին անվճար ներառելուն ու զեղչեր կիրառելուն։ Խոսքը 8 000 դրամների սննդի հատվածի զեղչին է վերաբերում, այն ժամանակ 3 տոկոսի չափով զեղչ կիրառեցինք։ Հետո այդ թիվը դարձրինք 10 տոկոս, իսկ 2021-ին դարձրինք 15 տոկոսի չափով ու հիմա 15 տոկոսի չափով յուրաքանչյուր մանկապարտեզի սննդի վրա ծախսվող գումարի չափով մենք զեղչ ենք անում»։

Սուլթանյանի ներկայացմամբ՝ այս կարգով զեղչային համակարգ է սահմանվել հատուկ խմբերի համար։ Այդ զեղչային համակարգը տատանվում է 25-100 տոկոսի սահմաններում ու վերաբերում է առանձին խմբերի՝ երկկողմանի ու միակողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողների, հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար։

Գյումրիի քաղաքապետարանում քննարկվում է 2023-ի ընթացքում նոր, զգալի զեղչեր կիրառելու հնարավորությունը։ Քաղաքապետարանի կողմից, փաստացի, ֆինանսավորվում է մանկապարտեզների ծախսի աշխատավարձային, ընթացիկ նորոգումների, տնտեսական ու գրենական առարկաների ապահովման մասը, իսկ սննդի և կոմունալ ծախսերի մասը՝ ծնողների կողմից։

Քաղաքապետարանի տրամադրած տվյալների համաձայն՝ ծնողական համավճարի ձևով 2022-ին հավաքվել է 209 միլիոն դրամ, իսկ համայնքի կողմից ֆիանսավորումը կազմել է 516 միլիոն դրամ։ Սա, ըստ Գյումրիի քաղաքապետի խորհրդական Հայկ Սուլթանյանի, համայնքային ամբողջ բյուջեի ավելի քան 14 տոկոսն է։

Սուլթանյանը 2-3 տարի առաջ հաշվարկել է, թե Գյումրիում նախադպրոցական տարիքի երեխաների քանի տոկոսն է հաճախում մանկապարտեզ, հայտարարում է՝ այդ թիվը տատանվում էր 45-46 տոկոսի շրջանակում։ Միևնույն ժամանակ, տվյալներ չկան, թե նախադպրոցական հաստատություն չհաճախող երեխաների 54-55 տոկոսը ինչ պատճառներով չեն հաճախում՝ վարձավճարի առկայության պատճառով , երկրում չեն թե ուղղակի ծնողնրը ցանկանում են մանկապարտեզի փոխարեն երեխաներին տանը պահել։ Մասնավոր մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվը վերջին տարիներին աճել է ու մոտեցել 2 500-ի, բայց Գյումրիում մասնավոր մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվ դեռ հայտնի չէ։ «Ես խնդրի լուծումը տեսնում եմ այսպես. օրենսդրական փոփոխություն պիտի լինի, նախադպրոցական կրթությունը մեզ մոտ պարտադիր չէ, եթե մենք օրենքում պարտադիր դարձնենք նախակրթությունը, պետությունն իր վրա պարտավորություն կվերցնի, ինչպես դպրոցների դեպքում»,- առաջարկում է Հայկ Սուլթանյանը։

Կա խտրականություն․ մանկապարտեզների մեծ մասը թերբեռնված է վճարի պատճառով

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2016-ին հրապարակել էր «Թափանցիկ մանկապարտեզներ» զեկույցը։ Դրա շրջանակում «Ասպարեզ»-ը 7 քաղաքային համայնքների՝ Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Հրազդանի, Կապանի, Արմավիրի, Գավառի մանկապարտեզներում հետազոտություն էր իրականացրել ու արձանագրել՝ մայրաքաղաքի և այլ համայնքների երեխաների միջև կա խտրականություն, Երևանից դուրս համայնքների մանկապարտեզների մեծ մասը թերբեռնված է վարձավճարի առկայության պատճառով, բացի այդ, մանկապարտեզների նյութատեխնիկական բազան երկար ժամանակ չի թարմացվում, քանի որ բյուջեն չի բավականացնում։

«Ասպարեզ»-ը իր զեկույցում ներկայացրել էր 2015-ի դրությամբ այս 7 քաղաքներում համայնքային բյուջեից մանկապարտեզների ֆինանսական հատկացման ծավալները։ Ըստ դրա՝ ամենաշատ ֆինանսավորումը հատկացրել էր Արմավիրը, ամենաքիչը՝ Իջևանը։

7 մարզային քաղաքների նախակրթարաններում սաների շնչին ընկնող միջին տարեկան ծախսը ամենաշատը եղել է Վանաձորում, ամենաքիչը՝ Իջևանում։

Զեկույցը ներկայացնում էր նաև սաների շնչին ընկնող սննդի տարեկան միջին ծախսը։

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, որը եղել է «Թափանցիկ մանկապարտեզներ» զեկույցի ղեկավարը, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ենթակառուցվածքների բացակայության կամ վարձավճարի առկայության դեպքում բազմաթիվ երեխաներ կարող են պարզապես չհաճախել նախադպրոցական հաստատություն, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ իրենց հետագա կրթության ու կյանքի վրա։ Բարսեղյանը բացատրում է. «Կա առաջին դասարան գնացող երեխաների երկու խումբ՝ որոշ գիտելիքներ ունեցող ու չունեցող։ Չկա որևէ հետազոտություն, որ մեզ ցույց կտա՝ նախնական գիտելիք ունեցողն ինչպես է առաջադիմում, չունեցողն ինչպես է առաջադիմում։ Ռիսկ կա, կռահում եմ, որ նախնական գիտելիք չունեցող երեխաները վատ են առաջադիմում, քան մյուս խումբը։ Դպրոցն ավարտելուց մենք ունենում ենք կրթությունը շարունակելու ավելի շատ շանս ունեցող երեխաներ ու շանս չունեցող երեխաներ, իսկ բուհ ավարտելուց հետո ունենում ենք բարձր եկամուտներ ունենալու հեռանկար ունեցող երիտասարդություն ու բարձր եկամուտի հեռանկար չունեցող մարդիկ։ Ես այստեղ մանկապարտեզը, կրթությունը համարում եմ շատ էական գործոն, բայց սա բնականաբար չի նշանակում, որ օրինակ, դպրոցում, մանկապարտեզ չգնացած երեխաները միշտ վատ են սովորում»։

Նա պետությանն առաջարկում է վերանայել ֆինանսական համահարթեցման մասին օրենքը, դրա բանաձևերը այնպես, որ բոլոր քաղաքացիների համար հավասարաչափ հասանելի լինեն պետական ու համայնքային ծառայությունները. «Պետությունը պիտի հասկանա՝ մինիմում սա պիտի հավասար լինի։ Երևանում դարձրեք ուսման վարձը մանկապարտեզում 1 000 դրամ, մյուս բոլոր համայնքներում էլ թող լինի 1 000 դրամ։ Երևանը միգուցե կտուժի, բայց բազում մարդիկ երբ ինձնից իմանում են, որ Գյումրիում մանկապարտեզը վճարովի է, զարմանում են»,- ասում է Լևոն Բարսեղյանը։

Կառավարությունում քննարկումներ կան մանկապարտեզների ֆինանսավորման հարցերով

Կառավարությունը փուլային մեխանիզմներ է մտածում մանկապարտեզների ֆինանսավորման ներկա ձևը փոփոխելու համար։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ասում է՝ երկար ժամանակ ոլորտում միասնական կարգավորում չի եղել ու համայնքի ունեցած ֆինանսական միջոցները ուղիղ կապ են ունեցել մանկապարտեզների ֆինանսավորման ծավալի հետ։ 2020-ին խորհրդարանն ընդունեց նախադպրոցական կրթության մասին նոր օրենքը, որը սահմանել է համայնքային մանկապարտեզներին բյուջեից ֆինանսավորվելու հնարավորություն։ Զուգահեռ մշակվել է կառավարության որոշում, որը սահմանել է այդ ֆինանսավորման կարգը։ Դա իր հերթին սահմանում է մի քանի խմբերի սաներ, որոնց ֆինանսավորումը կատարվելու է պետության կողմից։

Ժաննա Անդրեասյանը ներկայացնում է՝ այս խմբերում ներառված երեխաների համար ոչ միայն ծնողական համավճարն է պետությունը վերցնելու իր վրա, այլ նաև համայնքի մասնաբաժին ֆինանսավորումը երեխայի հաշվով, ինչը թույլ կտա համայնքին խնայված միջոցներն ուղղել մանկապարտեզի այլ կարիքների բավարարման։ Կրթության ու զարգացման առանձահատուկ պայմանների խմբում ներառված երեխան եթե կարիք ունի լոգոպեդի կամ այլ մասնագետի, պետությունը, ըստ Անդրեասյանի, այդ ֆինանսավորումը ևս վերցնելու է իր վրա։ Ակնկալվում է, որ 2023-ին ֆինանսավորման այս կարգում կներառվեն մոտ 17 000 երեխաներ։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը

Ժաննա Անդրեասյանը ընդունում է՝ մանկապարտեզների ներկա ֆինանսավորման մեխանիզմներն արդար չեն. «Երբ մենք այս խմբերի ֆինանսավորումը պետական բյուջեից տանք, պիտի կարողանանք անցում անել բոլոր տեղերում դրան»,- հույս է հայտնում փոխնախարարը՝ շեշտելով, որ Երևանում մանկապարտեզների հասանելիության խնդիրն այնուհանդերձ շատ սուր է՝ պայմանավորված հերթագրման համակարգում ընդգրկված երեխաների մեծ թվով։

ՍիվիլՆեթը մոտ մեկ ամիս առաջ անդրադարձել էր այս խնդրին։

Կարո՞ղ է մանկապարտեզ հաճախելու ու չհաճախելու փաստը ազդել հետագա կյանքի ընթացքում մարդու կարողությունների, կրթական ու ֆինանսական մակարդակի վրա։ Ժաննա Անդրեասյանը շեշտում է՝ այս հարցը միանշանակ պատասխան չունի. «Հարցը պիտի վերաձևակերպել՝ ի՞նչ է շահում նախադպրոցական պրոցեսում ընդգրկված երեխան ու ինչ է կորցնում չընդգրկված երեխան՝ անկախ պատճառներից։ Կա «Թիմս»-ի հետազոտությունը, որը միջազգային հետազոտություն է, անցկացվում է բնագիտամաթեմատիկական թեքումով։ 2003-ից որպես առանձին գործոն ուսումնասիրվում է նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված լինելը ու կա հստակ վերլուծություն, որը ցույց է տալիս՝ մանկապարտեզ գնալը ազդում է երեխայի կրթական արդյունքի վրա դրական իմաստով, այսինքն այն երեխաները, որ ընդգրկված են նախադպրոցական կրթության մեջ, օրինակ, մաթեմատիկայից արդյունքը բարձր է։ Հստակ նման բան կա»,- ասում է Անդրեասյանը՝ շեշտելով, որ այնուհանդերձ մանկապարտեզ հաճախող ու չհաճախող երեխաների հետագա արդյունքները բարդ չափելի են։

Ինչքա՞ն փող է պետք, որ Հայաստանի բոլոր մանկապարտեզները դառնան անվճար

ՍիվիլՆեթի այս հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ից տեղեկացրին՝ նախնական հաշվարկներով, որպեսզի համայնքային ու գերատեսչական բոլոր մանկապարտեզները դառնան անվճար, անհրաժեշտ է 28,1 միլիարդ դրամ՝ տարեկան կտրվածքով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը համաձայն չէ մոտեցման հետ, որ Երևանն ամբողջությամբ պիտի ֆինանսավորի մանկապարտեզները. «Մեր համայնքներից միայն Երևանն է, որ ամբողջությամբ ֆինանսավորում է մանկապարտեզներ, ինչը, իմ կարծիքով, ոչ արդարացված մոտեցում է, մյուս դեպքերում հաճախելիության համար վճարներ կան ու իմ կարծիքով պիտի լինի անպայման։ Ինչո՞ւ, որովհետև դա ծառայություն է ու համայնքը ծառայություն է մատուցում, պիտի լինի փոխհատուցելիության սկզբունք։ Երբ ես ասում եմ՝ պիտի վճարվի ծնողների կողմից, դա նշանակում է, որ համայնքը դրա վրա գումար չի ծախսի ու կուղղի այլ ուղղությունների»,- ասում է փոխնախարար Տերտերյանը։ Նա էլ է կարծում, որ երբ պետության կողմից սուբսիդիա է տրվում Երևանին, ճիշտ չէ այդ գումարները ուղղել մանկապարտեզների ֆինանսավորմանը, քանի որ Երևանում մանկապարտեզ հաճախող շատ երեխաների ծնողների նյութական վիճակն ավելի լավ է, քան մյուս համայնքների ծնողներինը, որոնք գումար են վճարում մանկապարտեզի համար։

ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը

«Դուք չկարծեք, թե մենք սա Երևանի իշխանություններին չենք ասում, մենք նաև բարձրաձայն ենք ասում, որ չենք կարծում, թե սա ճիշտ է, անգամ եթե ֆինանսավորում են, թող ֆինանսավորեն թիրախային, տարբեր սոցիալական խմբերի, թող սուբսիդավորեն ինչ-որ ուղղություններ, գաղափարներ, բայց տոտալ սուբսիդավորումը լավ բան չէ, ես համավճարի կողմնակից եմ»,- նշում է Վաչե Տերտերյանը։

Նա արդարացի ու տրամաբանական չի համարում մանկապարտեզների ֆինանսավորման գործող մոդելը ու հարց է բարձրացնում՝ արդյոք կառավարությունը պիտի՞ դոտացիա տրամադրի Երևանին՝ անվճար մանկապարտեզներ պահելու համար․ ինքն անձամբ համաձայն չէ այս մոտեցմանը։

Հոդվածը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։ Հոդվածում տեղ գտած կարծիքներն ու մոտեցումները պատկանում են դրանց հեղինարկներին, և կարող են չհամընկնել Հիմնադրամի պաշտոնական կարծիքի հետ: