Զորամասի հրամանատարը յուրացրել է մոտ 2,5 մլն դրամի վառելանյութի կտրոններ

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարը շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված մոտ 2,5 մլն դրամ արժողությամբ 4 515 լիտր ավտոբենզինի և 3 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոնները: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«2021-ի հունվարից մինչև 2022-ի հունվարը, ապօրինաբար, առանց փաստաթղթավորման զորամասի գույքային ֆոնդից դուրս է բերել և յուրացրել է նույն զորամասին հատկացված, իրեն վստահված 4 515 լիտր «ԱԻ-92» տեսակի ավտոբենզինի և 3 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ, որոնց մի մասը հանձնել է որպես բնակարանի վարձակալության վճար, իսկ յուրացրած կտրոնների մի մասն էլ վաճառել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով խոշոր չափերի, ընդհանուր՝ 2 մլն 441 հազար 985 դրամի գույքային վնաս»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվածը հաստատվել է Հակակոռուպցիոն դատարանի 2022-ի նոյեմբերի 16-ի մեղադրական դատավճռով։ Նախաքննության ընթացքում զորամասի հրամանատարը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունք, զղջացել է կատարած արարքի համար և վերականգնել պետությանը պատճառված վնասը՝ 2 մլն 442 հազար դրամի չափով:

Հսկող դատախազը միջնորդել է պաշտպանության նախարարությանը դիտարկել զորամասի հրամանատարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Մեկնաբանել