Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային զորամիավորումներից մեկը

Դեկտեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Զորամասերից մեկում Պապիկյանը հանդիպել է հատուկ նշանակության և դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողների հետ։ Նախարարը հետաքրքրվել է նրանց խնդիրներով, հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված հարցերով:

«Այնուհետև Սուրեն Պապիկյանը և Էդվարդ Ասրյանը հանդիպել ու զրուցել են ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայողների հետ, հաջողություններ մաղթել առաջիկա ավարտական քննությունների կապակցությամբ: Նախարարը պատասխանել է զինվորներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել ԶՈւ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը հարգանքի տուրք են մատուցել 2020-ի պատերազմում անմահացած հերոսների հիշատակին: Այցի ավարտին նախարար Պապիկյանը ծանոթացել է զորամասի տարածքում կառուցվող նոր զորանոցի շինարարական աշխատանքների ընթացքին»,- տեղեկացնում է Թորոսյանը։

Մեկնաբանել