Հայաստանը ՄԱԿ ԱԽ բանաձևերով օկուպանտ չի ճանաչվել. Աղազարյանն աղավաղում է

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին ԱԺ-ում հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունների կողմից 1994-ին մայիսին զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո ՄԱԿ-ի որոշումներով ՀՀ-ն դարձել է օկուպանտ։

Խորհրդարանը դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում քննարկում էր «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը, որով առաջարկվում էր պատասխանել Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությանը, որը սակայն չընդունվեց։

Հովիկ Աղազարյանն ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարեց`

մեծագույն սխալ էր, որ 1994-ին Հայաստանը որպես կողմ խառնվեց և ստորագրեց զինադադարի պայմանագիրը։

«Էտ ադրբեջանական թեզերը մի տարածեք։ Ադրբեջանի դեմ կռվում էր Արցախի ժողովուրդը, որը կանգնել և պաշտպանում էր իր իրավունքները»,- նշեց Աղազարյանը։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանից տասնյակ հազարավոր հայորդիներ գնացին- պաշտպանեցին Արցախի իրենց եղբայրներին, սակայն Հայաստանը Ադրբեջանի դեմ չէր կռվում։

«Մեր սխալն էլ էն էր, որ Հայաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, իշխանություններ ավար բաժանելու նպատակով, որ իրանք են փրկել աշխարհը և Արցախը, ստորագրեցին այդ թուղթը, որը պատճառ դարձավ բազմաթիվ որոշումների և Հայաստանը դարձավ օկուպանտ ՄԱԿ-ի որոշումներով»,- ասաց Աղազարյանը՝ հավելելով, որ այժմ իրենք այդ սխալից դասեր քաղում են։

ՄԱԿ-ի որոշումներ ասելով՝ Աղազարյանը հավաբանար նկատի ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի չորս բանաձևերը, որոնք մշտապես շահարկվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Աղազարյանը, սակայն, աղավաղում է ինչպես այդ ՄԱԿ-ի բանաձևերի բովանդակությունը, այնպես էլ դեպքերի ժամանակագրությունը։

Նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևեր ընդունվել են 1993-ին, իսկ զինադադարի պայմանագիրը կնքվել է 1994-ի մայիսին: Այսինքն՝ Հայաստանի կողմից զինադադարի տակ ստորագրելը չէր կարող հանգեցնել ՄԱԿ-ի այս բանաձևերին, քանի որ դրանք արդեն ընդունվել էին շուրջ մեկ տարի առաջ։

Ինչ էր նշվում ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերում

1993-ին, երբ Ղարաբաղում ընթանում էին ակտիվ ռազմական գործողություններ և հայկական ուժերն իրենց վերահսկողության տակ էին վերցրել նաև ԼՂԻՄ հարակից տարածքներ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց չորս բանաձևեր։

Այդ չորս բանաձևերում, սակայն, խոսք չկա Հայաստանի օկուպանտ լինելու մասին։

Առաջինը՝ 1993-ի ապրիլին, ընդունվել է 822 բանաձևը, որում ասվում էր, որ Անվտանգության խորհուրդը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վատթարացման կապակցությամբ։

Մտահոգություն էր հայտնվում նաև «զինված ռազմական գործողությունների սրման և, մասնավորապես, տեղի հայկական ուժերի կողմից Ադրբեջանի Հանրապետության Քելբաջարի շրջանի վերջին ներխուժման մասով»։

Բանաձևում որևէ խոսք չկա Հայաստանի օկուպանտ լինելու և անգամ Քելբաջար (Քարվաճառ) «ներխուժման» պատասխանատվությունը դրվում էր տեղի հայկական ուժերի վրա։

Մյուս բանաձևն ընդունվել է 1993-ի հուլիսին՝ 853 բանաձևը։ Դրանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կոչ է անում ՀՀ կառավարությանը շարունակել կիրառել իր ազդեցությունը՝ Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի կողմից 822 բանաձևի և սույն բանաձևի պահանջները կատարելու, և նրանց կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ընդունելու ուղղությամբ»։ Այսինքն՝ Անվտանգության խորհուրդը խոսում է արցախցիների վրա Հայաստանի կառավարության ունեցած ազդեցության մասին, և այստեղ ևս ՀՀ-ին ուղղված մեղադրանք կամ օկուպանտ լինելու մասին խոսք չկա։

Հաջորդ՝ 874 բանաձևում, որն ընդունվել է 1993-ի հոկտեմբերին, կրկին որևէ կերպ չի հասցեավորվում ՀՀ-ն և կոչ է արվում «վերջերս օկուպացված տարածքներից զինված ուժերի (առանց որևէ հստակեցման) դուրսբերման ու տրանսպորտի և հաղորդակցության խոչընդոտների վերացման ուղղությամբ» քայլերի մասին։

Վերջին՝ 884 բանաձևը ընդունվել է 1993-ի նոյեմբերին, որում կոչ է արվում Հայաստանի կառավարությանը գործածել իր ազդեցությունը «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի կողմից 822, 853 և 874 բանաձևերի պահանջները կատարելու նպատակով և ապահովել, որ ներգրավված ուժերին չտրամադրվեն միջոցներ իրենց զինված արշավը շարունակելու համար»։

Այսինքն՝ ընդունված չորս բանաձևերում որևէ կերպով Հայաստանը որպես օկուպանտ չի նշվել և չի ճանաչվել։ Խոսվել է միայն ՀՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի տեղի հայերի վրա ունեցած ազդեցությունը օգտագործելու մասին։

Այսպիսով, Հովիկ Աղազարյանը կեղծում է՝ հայտարարելով, թե Հայաստանի կողմից հրադադարի պայմանագիրը ստորագրելը հանգեցրել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի ընդունմանը։ Նա նաև աղավաղում է բանաձևերի բովանդակությունը։

Մեկնաբանել