Ադրբեջանցիները փակել են Արցախ-Հայաստան միակ մայրուղին

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին․ հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ճանապարհի փակումը նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել Արցախում։

«Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող մարդկանց Արցախից ՀՀ տեղափոխումը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպություններին անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Քիչ առաջ տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ավելի քան երկու ժամ է՝ շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին:

Մեկնաբանել