Քրեական հետապնդում է հարուցվել նաև Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ։

Մասնավորապես, Գասպարյանի կինը 2000-2011 թվականների ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ռազմական ոստիկանությունում։ 11 տարիների ընթացքում նրա կինը աշխատանքի չի գնացել, բայց դրա դիմաց ստացել է ավելի քան 17 մլն դրամ աշխատավարձ։

«Վլադիմիր Գասպարյանը, տեղյակ լինելով, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Ս.Գ.-ն, 2000-2011 թվականների ամիսն ընկած ժամանակահատվածում ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև ստորագրել է ռազմական ոստիկանության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծերը, որոնցում ընդգրկված են եղել նաև Ս.Գ.-ի տվյալները: Արդյունքում` հիշյալ ժամանակահատվածում Ս.Գ.-ին որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17 մլն 275 հազար 721 դրամ»,- ասված է հաղորդագրությունում։

Նույնկերպ 2011-2018 թվականներին Վլադիմիր Գասպարյանի կինը պաշտոն է զբաղեցրել ոստիկանությունում և ստացել մոտ 19,5 մլն դրամ աշխատավարձ։ Նա կնոջը շնորհել է նաև փոխգնդապետի, ապա՝ գնդապետի կոչումներ։

«Այսպիսով, կինը Վլադիմիր Գասպարյանի հետ խմբի կազմում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Վերը նշված հանցանքները կատարելու համար դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել Ս.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե»,- նշում են դատախազությունից։

***

Դատախազությունը մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարել էր Գասպարյանի դստեր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ Ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը 2015-ի մարտին դստերը՝ Յուլյա Գասպարյանին, նշանակել էր ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Մինչև 2018-ի մարտը նա զբաղեցրել է այդ պաշտոնը։ Յուլյա Գասպարյանն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել և դրա դիմաց ստացել է 8,8 մլն դրամ աշխատավարձ։