Շվեդիայում, ըստ պնդումների, սպանվել է չեչեն այլախոհ Թումսո Աբդուրախմանովը

Ռոբին Ֆաբրո, Շոթա Կինչա, OC Media

Շվեդիայում բնակվող այլախոհ չեչեն բլոգեր Թումսո Աբդուրախմանովը, ըստ չեչեն ընդդիմադիր գործիչների, սպանվել է:

Երկուշաբթի 1Adat տելեգրամյան ալիքը և սոցիալական շարժումը հայտնել է, որ ըստ չեչենական և եվրոպական իրենց աղբյուրների՝ Աբդուրախմանովը գնդակահարվել է: Ալիքը հայտնում է, որ նրա եղբայրը՝ Մոհմադ Աբդուրախմանովը, բերման է ենթարկվել և գտնվում է պաշտպանական կալանքի տակ։ Երկուշաբթի իր տեսաուղերձում Չեչնիայի՝ Իչկերիայի հանրապետության նախկին ներկայացուցիչ և Աբդուրախմանովի համախոհ Անզոր Մասխադովը նույնպես հաստատել է բլոգերի մահը։

Շվեդիայի ոստիկանությունը OC Media-ին հայտնել է, որ տեղյակ է այդ լուրերի մասին, սակայն հրաժարվել է դեռ մեկնաբանություն տալ:

Աբդուրախմանովի սպանության մասին լուրերը սկսեցին ի հայտ գալ անցյալ շաբաթավերջին։ Շաբաթ օրը չեչենական «Վայֆոնդ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարեց, որ կորցրել են կապը ինչպես Աբդուրախմանովի, այնպես էլ նրա եղբոր հետ: Նոյեմբերի 30-ից Աբդուրախմանովն իր տելեգրամյան ալիքում ոչինչ չի հրապարակել։

Աբդուրախմանովը եղել է Չեչնիայի ռուսական իշխանությունների, այդ թվում՝ անձամբ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի բացահայտ քննադատը: 2020-ի փետրվարին նա փրկվել էր մահափորձից, երբ անհայտ տղամարդը ներխուժել էր Շվեդիայում գտնվող նրա տուն և մուրճով հարձակվել վրան։ Աբդուրախմանովին հաջողվել էր վնասազերծել հարձակվողին՝ փախչելով թեթև վնասվածքներով։ Հաղորդվում է, որ Մոհմադ Աբդուրախմանովը նույնպես անցյալ տարի մահափորձի թիրախ էր դարձել Գերմանիայում:

2019-ի մարտին Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը արյան վրեժ հայտարարեց Թումսո Աբդուրախմանովի դեմ։

Ռուսական «պետական ահաբեկչություն»

Ռուսաստանի իշխանությունների քննադատները, հատկապես՝ Չեչնիայում, հաճախ են սպանությունների ենթարկվում արտասահմանում: Թումսո Աբդուրախմանովը Ռուսաստանից փախել էր 2015-ին, բայց ինչպես Եվրոպայում բնակվող քաղաքական շատ փախստականներ, որոնք քննադատում էին Չեչնիայի և Ռուսաստանի իշխանություններին, նա ևս դարձավ հարձակումների թիրախ, որի հետքերը մատնացույց են անում Չեչնիայում Կադիրովի վարչակարգին:

2020-ին Չեչնիայի կառավարության մեկ այլ քննադատ Մամիխան Ումարովը գնդակահարվեց Վիեննայի մոտակայքում։ Անհայտ մարդասպանը, որը նույնպես Չեչնիայից էր, տեղի իշխանությունների կողմից անցած ամառ ձերբակալվել և դատապարտվել էր սպանության համար:

2019-ին Բեռլինում սպանվել էր Գերմանիայում ապաստան հայցող վրաստանցի չեչեն Զելիմխան Խանգոշվիլին։ Նրան սպանող Վադիմ Կրասիկովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Գործով նախագահող դատավորի վճռի համաձայն՝ սպանությունը պատվիրել է ՌԴ կառավարությունը։ Դատարանը Ռուսաստանին մեղադրել է «պետական ահաբեկչության» մեջ։

Կադիրովի վարչակարգի վտարանդի քննադատները բազմիցս պնդել են, որ իրենց հարազատները հետապնդվել են Չեչնիայի իշխանությունների կողմից՝ որպես իրենց դեմ հաշվեհարդարի կամ լռեցնելու նպատակով ճնշում գործադրելու ձև։