Եգիպտոսի նախագահը 30 տարվա մեջ առաջին անգամ կայցելի Իրան

Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին որոշել է Չինաստան կատարելիք այցելությունից հետո մեկնել Իրանի մայրաքաղաք Թեհրան` օգոստոսի 30-ին մասնակցելու Չմիացած երկրների շարժման գագաթաժողովին, հաղորդում է ռուսական «ՌՒԱ Նովոստին»:

Հատկանշական է, որ 30 տարվա մեջ սա Եգիպտոսի նախագահի առաջին այցն է Իրան: Երկու երկրների հարաբերությունները վատթարացել էին 1980թ., երբ Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթը ընդունել էր Իրանի շահին Եգիպտոսում քաղաքական ապաստան տալու խնդրանքը, ինչը Իրանի իսլամական հեղափոխականները դավաճանություն էին որակել:

Եգիպտոսում 2011թ. հունվարի 25-ի հեղափոխությունից հետո Իրանը փորձում է վերականգնել Եգիպտոսի հետ հարաբերությունները: Երկու երկրների նախագահներն առաջին անգամ հանդիպել են Մեքքայում անցած շաբաթ կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթաժողովին:

Մեկնաբանել