Մինի-մաքսակետը, եթե դրվի, կլինի Լաչինի միջանցքի սկզբնամասում, կարծում է արցախցի պատգամավորը (լրացված)

Ադրբեջանական լրատվամիջոցները այսօր ակտիվ տարածում են մի տեսանյութ, որտեղ Արցախում ռուս խաղաապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովն ասում է, թե ադրբեջանական կողմի հետ մինի-մաքսակետ կառուցելու պայմանավորվածություն են ձեռք բերել. «Որոշում է կայացվել տեղադրել հատուկ սարքավորում մեր առաջին պահակակետի մուտքին»:

Արցախի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ այդ պահակակետը գտնվում է Լաչինի միջանցքի սկզբնամասում, քանի ըստ Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի կայքերում տեղակայված քարտեզի՝ «Համար 1» պահակակետը այնտեղ է:

«Երեկ ադրբեջանցի «բնապահպանները» փակել էին մայրուղին և ինչ որ բնապահպանական հարցադրումներ էին ուղղել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտին, որը չի հանդիսանում Արցախի քաղաքական իշխանությունը և իր գործառույթում չունի նման լիազորություններ, և իրենց առջև դրված խնդիրը հստակ ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության մեջ»,- ասում է Կարեն Հովհաննիսյանը:

Հնարավո՞ր է կանխել մաքասակետի տեղակայումը, եթե, իհարկե, նման բան տեղի ունենա: Պատգամավորը կարծում է՝ այո, բայց թե ինչ հետևանքներ դա կբերի, դժվարանում է մեկնաբանել. «Իսկ ի՞նչ է մեզ սպասվելու, եթե այդ մինի-մաքսակետը սկսի գործել: Ես կասեի՝ սյուրպրիզներով լի ճամփորդություն։ Այն, որ ներկայում Արցախը գտնվում է շատ վատ ու բարդ ժամանակահատվածում, երևի թե ոչ մեկիս մոտ տարակարծություն չկա, ուղղակի այս վիճակից դուրս գալու համար վճարվելիք գինն է շատ ցավոտ լինելու և, կամ, պիտի զինվենք մեծ համբերությամբ, լինենք միակուռ ու փոքր քայլերով փորձենք առաջ շարժվել․․․»:

Լրացում

Լուրը հրապարակվելուց հետո Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են։