Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ

Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են, հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։

«Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հետակետ: Արցախի ԱԱԾ-ն հարցի շուրջ քննարկում է կազմակերպել Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Վոլկովի պնդմամբ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար»,- ասված է հայտարարությունում։

Արցախի ԱԱԾ-ից նշում են, որ միջանցքում իբր ադրբեջանական անցակետ տեղադրելու լուրերի մասին առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա նաև ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցները այսօր ակտիվ տարածում էին մի տեսանյութ, որտեղ Արցախում ռուս խաղաապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովն ասում է, թե ադրբեջանական կողմի հետ մինի-մաքսակետ կառուցելու պայմանավորվածություն են ձեռք բերել. «Որոշում է կայացվել տեղադրել հատուկ սարքավորում մեր առաջին պահակակետի մուտքին»:

Մեկնաբանել