ԱԱԾ-ն բացահայտել է մի շարք անձանց անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է խմբի կազմում նախնական համաձայնությամբ մի շարք անձանց անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք։

Մասնավորապես, Հայաստանում գործող «Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահը 2022-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին անօրինական միգրացիան կազմակերպելու համար ՀՀ մի շարք քաղաքացիներից 3400-7000 դոլար գումարներ է վերցրել և կազմակերպել է ՀՀ-ից ելքի, օտարերկրյա պետություններ մուտքի, իսկ այնուհետև նաև այդ պետություններում գտնվելու գործընթացը։

««Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով վերը նշված անձանց վերաբերյալ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմիններ ներկայացնելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ «Մուայ Թայ» ֆեդերացիայի մարզիկ կամ մարզիչ հանդիսանալու, աշխատավայրի, աշխատավարձի չափի, բանկային հաշիվների, եկամուտների, ինչպես նաև բովանդակությամբ ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող այլ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ՝ այդ կերպ խմբի կազմում նախնական համաձայնությամբ կազմակերպել են մի շարք անձանց անօրինական միգրացիան»,- ասված է հաղորդագրությունում։

Հանցավոր խմբի անդամի բնակարանում, ինչպես նաև «Մուայ Թայ» ֆեդերացիայի գրասենյակում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծված փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ։ Խմբի անդամը ձերբակալվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։