ՀՀ անձնագիրը՝ կրկին պահանջվա՞ծ. ինչ է փաստում վիճակագրությունը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

2022-ը վերջին ութ տարիների կտրվածքով ռեկորդային է ՀՀ քաղաքացիության համար դիմած և ստացած քաղաքացիների թվով։ Տարեսկզբից մինչև հոկտեմբերը ներառյալ ավելի քան 14 000 անձ է դարձել Հայաստանի քաղաքացի, միևնույն ժամանակահատվածում քաղաքացիության համար դիմել է շուրջ 20 000 մարդ։ Տասը ամիսների այս ցուցանիշը գրեթե կրկնակի է նախորդ ամբողջ տարվա համեմատ։

ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց մեծամասնությունը Ռուսաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիներ են

Ոստիկանությունից ստացված տվյալների համաձայն՝ 2022-ի տասը ամիսներին քաղաքացիություն ստացած 14 073 անձանցից 13 795-ը կամ 98%-ը ազգությամբ հայ են։ Նախորդ տարիներին այս համամասնությունը նույնն է եղել՝ տատանվելով 98-99%-ի շրջանակում։

Խիստ փոխվել է ՀՀ անձնագիր ստանալու համար դիմած և ստացած անձանց աշխարհագրությունը՝ 2015-ին Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց 4%-ն էր Ռուսաստանի քաղաքացի, 2020-ին՝ 24,4%-ը։

2022-ի փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ բազմաթիվ ռուսաստանցիներ տեղափոխվեցին Հայաստան, դիմումների կտրուկ աճ գրանցվեց, ինչի հետևանքով 2022-ին (հոկտեմբերի դրությամբ) ռուսաստանցիները կազմում են անձնագիր ստացած անձանց 64,5%-ը (9 071 մարդ)։ Նախորդ ամբողջ տարվա համեմատ այս ցուցանիշն ավել է 4,3 անգամ։ Վրաստանի և Լիբանանի քաղաքացիները կազմում են ՀՀ քաղաքացիություն ստացածների համապատասխանաբար 12,9% և 8,6%-ը։

Հատկանշական է, որ սա չի վերաբերում Ուկրաինայի քաղաքացիներին (այնտեղ բնակվող հայերին)։ Եթե 2021-ին ՀՀ քաղաքացիություն էր ստացել Ուկրաինայի 129 քաղաքացի, ապա 2022-ին միայն 180 անձ:

Նախորդ տարիների համեմատ ցուցանիշը ռեկորդային է

Ինչպես նշեցինք, այս տարվա առաջին տասն ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց թիվը շուրջ երկու անգամ գերազանցում է նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը. 2021-ին քաղաքացիություն էր ստացել 7 379 անձ։ Վերջին ութ տարիներին մոտ ցուցանիշ գրանցվել էր միայն 2019-ին, երբ քաղաքացիություն էր ստացել 13 469 մարդ։

Այս թեմայով դեկտեմբերի 2-ին Ազգային Ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում խոսել էր փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը և հայտնել, որ այս տարի քաղաքացիություն է ստացել մոտ 15 000 մարդ՝ նախորդ տարվա 3 000-ի դիմաց։

Փոխոստիկանապետի այս հայտարարությունը տարածել էին մի շարք լրատվականներ։ Ֆիդանյանը փաստացի սխալվում է։ Հենց ոստիկանության տրամադրած պաշտոնական տվյալներով նախորդ տարի քաղաքացիություն ստացած անձանց թիվը 7 379 է։

Միաժամանակ, համաձայն ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների՝ 2022-ի 9 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 33 000 Հայաստանի քաղաքացի։ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՌԴ քաղաքացիություն ստացած հայաստանցիների թիվը այս տարի պակասել է 1 400-ով։

Մեկնաբանել