Աղաջանյանը չի բացառում մինչև տարեվերջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չի բացառում մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպման հնարավորությունը։

«Երկրների ղեկավարների կամ ԱԳ նախարարների (Հայաստանի և Ադրբեջանի – խմբ․) մակարդակով մինչև տարեվերջ հնարավոր հանդիպումը, կարծում եմ, այո, չի կարելի բացառել»,- ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Աղաջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանին մեկնաբանությունների երրորդ փաթեթը ներկայացնելու ադրբեջանական կողմի հայտարարությանը, Աղաջանյանը նշեց․ «Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք ըստ էության արձագանք են հայկական կողմի առաջարկներին, այսինքն՝ կարելի է ասել՝ երրորդ փուլն է քննարկվում այդ առաջարկների։ Ի սկզբանե ադրբեջանական կողմից մենք ստացել էինք առաջարկները, որին հետևել է նույն առաջարկների շուրջ մեր լրացված տարբերակը, ինչին ի պատասխան մենք ստացել ենք երրորդ (առաջարկների փաթեթը – խմբ․): Այսինքն, խոսքը նույն հիմք ունեցող տեքստի շուրջ աշխատանքի մասին է»,- ասաց պատգամավորը։

***

Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի շուրջ մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն փոխանցվել է հայկական կողմին։ Բայրամովը նաև ասել էր, որ մինչև տարեվերջ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպում անցկացնել։

Մեկնաբանել