Ձերբակալվել է Երևանի նախկին փոխքաղաքապետը

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ձերբակալվել է, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Հաղորդագրությունում ասվում է, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «Սանիթեք» ընկերությանը անհիմն վճարվել է ավելի քան 3 մլրդ դրամ գումար:

Նախ Վահե Նիկոյանը Երևանում աղբահանության ծառայության ձեռքբերման մրցույթի որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում «Սանիթեքի» հայտը համարել է բավարար և ընկերությանը հաղթող է ճանաչել։

«Քննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված ընկերությունների հետ պայմանագրերը կնքելուց հետո՝ 2015 և 2016 թվականներին, «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հոր միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ վերջինիս պատկանող` Երևան քաղաքում գտնվող երեք տարածքները ամսական 1000-6000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարձակալությամբ տրամադրելու մասին: Հիշյալ հանգամանքով պայմանավորված` Վահե Նիկոյանը, չի կատարել ծառայողական պարտականությունները և հսկողություն չի իրականացրել նշված ընկերությունների կողմից աշխատանքների իրականացման նկատմամբ: Արդյունքում` աղբահանության ծառայություն մատուցելու համար չեն նախատեսվել բավարար քանակի և չափի տրանսպորտային միջոցներ ու աղբամաններ, եղած աղբատար ավտոմեքենաներն էլ աշխատել են գերծանրաբեռնված, ինչը ժամանակի ընթացքում հանգեցրել է ծառայության որակի անկման»,- հաղորդում է կոմիտեն։

Վահե Նիկոյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան։

Մեկնաբանել