Իրանի կառավարությունը չի հաստատում «բարոյականության ոստիկանության» լուծարման լուրը

Իրանի Իսլամական Հանրապետության որևէ պաշտոնյա չի հաստատել երկրում «բարոյականության ոստիկանության» լուծարման մասին լուրերը։ Թեմային անդրադարձել է իրանական պետական «Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը։

Իրանական աղբյուրը նշում է, որ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ նման լուրեր են տարածել՝ հղում անելով Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին: Վերջինս դեկտեմբերի 3-ին կրոնական կոնֆերանսներից մեկի ժամանակ իր ելույթում անդրադառնալով բարոյականության ոստիկանության փակման հարցին՝ պատասխանել էր հետևյալ կերպ․ «Բարոյականության ոստիկանությունը դատական համակարգի հետ որևէ կապ չունի, և այն լուծարվել է այնտեղից, որտեղ ժամանակին ստեղծվել էր»։ Նա նշել է, որ դատական համակարգը շարունակելու է ուշադրության տակ պահել հասարակության վարքագիծը։

«Ալ-Ալամ»-ի փոխանցմամբ՝ Իրանի գլխավոր դատախազի խոսքերի հիմնական ուղերձն այն է, որ «բարոյականության ոստիկանությունը» որևէ կապ չունի դատական համակարգի հետ: Լրատվամիջոցը նկատում է, որ մի շարք օտարերկրյա լրատվամիջոցներ փորձել են Իրանի գլխավոր դատախազի հայտարարությունը ներկայացնել այն լույսի ներքո, թե Իրանում «ցույցերի հետևանքով երկրի իշխանությունները հրաժարվել են գլխաշորի կրման դիրքորոշումից»:

Անցած հանգստյան օրերին միջազգային հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով Մոնթազերիի հայտարարությանը, հայտնեցին Իրանում «բարոյականության ոստիկանության» լուծարման մասին՝ տեղեկությունը ներկայացնելով երկրում երեք ամիս շարունակ տևող բողոքի ցույցերի համատեքստում։

Իրանում ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին՝ 22-ամյա Մահսա Ամինիի մահվան մասին լուրից հետո։ Իրանի «բարոյականության ոստիկանությունը» Մահսային բերման էր ենթարկել գլխաշորի կրման կանոնները խախտելու համար: Ի նշան բողոքի՝ իրանցի կանայք սկսել են առանց գլխաշորի զանգվածաբար փողոց դուրս գալ և ցուցադրաբար կտրել մազերը: Ցուցարարները 22-ամյա կնոջ մահվան համար մեղադրել են իրանական ուժայիններին, իսկ վերջինները նրա մահը պայմանավորել են «սրտի արատով»:

Մեկնաբանել