Մոսկվայում կայացել է ապաշրջափակման հարցով հերթական նիստը

Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը, հայտնում է Հայաստանի կառավարության կայքը։

Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։

«Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։ Կողմերն ընդգծել են Ռուսաստանի դրական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում»,- ասված է հաղորդագրությունում։

2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներով ստեղծվել էր տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։

Մեկնաբանել