Հայաստանի հավաքականի մրցակցի կիսապաշտպանը 10 տարով որակազրկվել է

Մալթայի հավաքականի 31-ամյա կիսապաշտպան Քևին Սամուտը խորվաթական բուքմեյքերական ընկերություններին օգնելու համար 10 տարով որակազրկվել է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Աղբյուրի տվյալներով` Սամուտը խորվաթական բուքմեյքերական սինդիկատին օգնել է Մալթայի և Նորվեգիայի հավաքականների միջև պայմանավորված հանդիպում (0:4) կազմակերպել Եվրո 2008-ի որակավորման փուլում: Այդ խաղի վերջին րոպեներին նորվեգացիները երեք գնդակ են խփել, իսկ Սամուտը փոխարինվել է ընդմիջման ժամանակ:

Ֆուտբոլիստը չի ընդունել իր մեղքը: Նա կարող է բողոքարկել որոշումը ՈւԵՖԱ-ի վերաքննիչ դատարանում: ՈւԵՖԱ-ն արգելել է նրան զբաղվել ֆուտբոլային ցանկացած գործունեությամբ` ներառյալ մարզչական և գործակալական:

Հիշեցնենք, որ 2014 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում Մալթայի հավաքականը Հասյաստանի ընտրանու հետ ընդգրկված է միևնույն խմբում: