Խաղաղապահ առաքելության նկատմամբ հասարակական ճնշումը կարող է զսպող գործոն դառնալ

Դեկտեմբերի 3-ին Ադրբեջանը սադրանք է իրականացրել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի Շուշի-Քարին տակ հատվածում: Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ փակել են ճանապարհի այդ հատվածը և մի քանի ժամ բանակցություններ են վարել ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ: Միջադեպի վայր է ժամանել նաև խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ Անդրեյ Վոլկովը: Երեք ժամից ավել տևած բանակցությունների արդյունքում ճանապարհը փակած ադրբեջանցիները համաձայնել են ուղևորվել խաղաղապահ առաքելության` Իվանյանում գտնվող բազա և բանակցություններն այնտեղ շարունակել:

Պաշտոնական Բաքվի տարածած հաղորդագրությունից պարզ է դարձել, որ ճանապարհը փակած անձինք Ադրբեջանի բնապահպանության նախարարության, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարությանն առընթեր պետական գույքի ծառայության և «Ազերգոլդ» ընկերության աշխատակիցներն էին: Հաղորդագրությունում նշվում էր նաև, որ նրանք ուղարկվել էին «հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները»:

Հատկանշական է, որ Բաքվի իրականացրած հատուկ գործողությանը մասնակցում էին նաև ադրբեջանական լրատվամիջոցներ, որոնք ուղեկցում էին այս սադրանքի գլխավոր դերակատարներին: Հենց ադրբեջանցի լրագրողների ռեպորտաժների շնորհիվ է հնարավոր դարձել որոշ մանրամասներ իմանալ Վոլկովի ու ճանապարհը փակած պաշտոնյա-բնապահպանների բանակցություններից: Բանակցությունների ավարտից հետո խաղաղապահ զորախմբի հրամանատարը պատասխանել է լրագրողների հարցերին և մի շարք խնդրահարույց հայտարարություններ արել:

Ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում Վոլկովը, մասնավորապես, հայտարարել է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ է տեղադրվելու:

Ռուս գեներալի այս հայտարարությունը իրարանցում էր առաջացրել Հայաստանում և Արցախում: Այս թեմայի շուրջ կարծիք հայտնողներից շատերը Վոլկովի հայտարարությունից ենթադրել են, որ խոսքը գնում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրման մասին: Այս վարկածը, սակայն, շուտով հերքվել է Արցախի Ազգային անվտանգության ծառայության կողմից, որը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր.

«ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Ա.Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Ա.Վոլկովի պնդմամբ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար: Վերոգրյալի մասին առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը»:

Այնուամենայնիվ, նույնիսկ եթե խոսքն իրոք գնում է միայն ռուսական անցակետերում հատուկ տեխնիկական վերահսկման սարքերի տեղադրման մասին, սա ևս լուրջ զիջում է ադրբեջանական կողմին: Այդ զիջումը միգուցե ժամանակավորապես չեզոքացնելու է Ադրբեջանի պահանջները Լաչինի միջանցքի հետ կապված հարցերում, սակայն ակնհայտ է, որ այդ պահանջները որոշ ժամանակ անց կրկին ի հայտ են գալու: Բաքուն չի հրաժարվելու Լաչինի միջանցքի և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի նկատմամբ դե ֆակտո վերահսկողություն ունենալու գաղափարից:

Իրականում այս ողջ սադրանքի իմաստը հենց ռուսական կողմի տրամադրությունները շոշափելն ու ապագա գործողությունները պլանավորելն էր: Ինչպես տեսանք, սադրանքը բավականին արդյունավետ էր ադրբեջանական կողմի տեսանկյունից: Նրանք հաջողվել է խաղաղապահ զորախմբի հրամանատարին արդարացողի դերում դնել և որոշակի զիջումներ կորզել նրանից:

Բացի մինի մաքսակետի վերաբերյալ հայտարարությունից, գեներալ Վոլկովը ադրբեջանցի լրագրողների առջև արդարարանում և խոստումներ էր տալիս նաև այլ հարցրերով: Նա բացատրում էր, թե ինչու խաղաղապահ առաքելության հաղորդագրություններում միշտ չեն օգտագործվում ադրբեջանական տեղանուններ: Վոլկովը խոստացել է նաև հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղ այցելած Իրանի քաղաքացիների դեպքի վերաբերյալ, որոնց ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես «դիվերսանտներ»:

Ակնհայտ է, որ այս սադրանքի ընթացքում բնապահպանական թեմաները հիմնականում օգտագործվել են որպես պատրվակ Լաչինի միջանցքի հարցի շուրջ խաղաղապահների հետ բանակցություններ անցկացնելու համար: Այնուամենայնիվ, Վոլկովի ու ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպման ընթացքում վստահաբար քննարկվել է նաև այս թեման: Այդ առումով չի կարելի բացառել, որ այս հարցով ևս որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Մասնավորապես, մոտ ապագայում կարելի է ակնկալել պաշտոնյա-բնապահպաններից բաղկացած ադրբեջանական պատվիրակությունների այցեր Արցախում գտնվող հանքավայրեր:

Սա չափազանց մտահոգիչ միտում է: Բաքուն փաստացիորեն խաղաղապահ առաքելության նկատմամբ մշտական ու միակողմանի ճնշում է գործադրում: Այդ ճնշման արդյունքում ռուսական կողմը պարբերաբար գնում է փոքր զիջումների, որոնց արդյունքում ժամանակի ընթացքում զգալիորեն փոխվում է իրավիճակը գետնի վրա: Այս միտումը հղի է աղետալի հետևանքներով Արցախի համար: Փոքր զիջումներ կորզելու ադրբեջանական մարտավարության արդյունքում Արցախում մի օր կարող են ստեղծվել պայմաններ, որոնք անհամատեղելի կլինեն արցախահայության բնականոն կյանքի հետ:

Այդ առումով պետք է մտածել խաղաղապահների նկատմամբ ադրբեջանական այս ճնշմանը հակազդելու մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Եթե խաղաղապահների նկատմամբ կա ճնշում միայն մեկ կողմից, ապա ակնհայտ է, որ նրանք հակված են լինելու զիջումներ կատարել հենց այդ կողմին:

Այս պարագայում, իհարկե, աչք է ծակում պաշտոնական Երևանի անգործությունն ու լռությունը: Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած միջադեպից հետո պաշտոնական արձագանք չի եղել ոչ ՀՀ ԱԳՆ-ի, ոչ էլ այլ պատկան մարմնի կողմից: Ու սա այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ հենց Հայաստանի վարչապետի ստորագրությունն է դրված:

Երևանի այսօրինակ պասիվության պայմաններում Ստեփանակերտի հնարավորություններն ու ազդեցությունը առկա իրավիճակում, իհարկե, սահմանափակ են: Այնուամենայնիվ, ակնհայտ է նաև, որ Արցախը չի կարող լուռ հետևել այս մտահոգիչ զարգացումներին: Այս պարագայում ռուս խաղաղապահ առաքելության նկատմամբ իրական ճնշում գործադրելու և ադրբեջանական ճնշմանը հակակշռելու միակ իրական տարբերակը արցախյան հասարակության սուբյեկտայնության բարձրացումն է: Ռուսական կողմին պետք է հասկացնել, որ Արցախում ապրող մարդիկ պատրաստ չեն հանդուրժել վերոնշյալ միտումներն ու զարգացումները: Խաղաղապահ առաքելության նկատմամբ հասարակական ճնշումը կարող է ստեղծված իրավիճակում զսպող գործոն դառնալ: