Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 6-ին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի խորհրդարանական բոլոր խմբերի ղեկավարների և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատասխանատուների հետ, հաղորդում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Փարիզ է ժամանել դեկտեմբերի 5-ին:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախ-Ֆրանսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջխորհրդարանական կապերի զարգացմանը:
«Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Արցախի վերաբերյալ ընդունված բանաձևերը լավ հիմք են Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը և այդ իրավունքի իրացման արդյունքների ճանաչումը հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պատշաճ մակարդակի ապահովումը»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։
Հարությունյանն ասել է, որ Արցախը ակնկալում է Ֆրանսիայի ակտիվ ներգրավվածությունը նաև մարդասիրական ծրագրերի կյանքի կոչման, գերության մեջ գտնվող հայերի վերադարձման և Ադրբեջանի բռնազավթած տարածքներում վտանգված հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը փրկելու գործում:
Հանդիպումներին ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ հանդիպումներ: