Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է ԵՄ դիտորդական առաքելությունը երկարաձգելու կարևորության մասին

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը շարունակելու անհրաժեշտության մասին։ Այդ հայտարարությունը Կոլոննան արել է դեկտեմբերի 6-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ:

«Սահմանի մշտադիտարկման միջոցով առաքելությունն իսկապես սահմանափակել է էսկալացիայի վտանգը», – ասել է Կոլոննան:

Կոլոննայի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է։ Նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի և Եվրոպական Միության աջակցությունը Հայաստանին և խոստացել, որ շարունակական ջանքեր կգործադրի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:

***

Հոկտեմբերի 17-ին Եվրամիության Խորհուրդը որոշում էր կայացրել քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Որոշումը հաստատվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում։ Առաքելությունը գործունեությունն սկսել է հոկտեմբերի 20-ից։

Մեկնաբանել