Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին․ Ալեն Սիմոնյան

Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի արձագանքը ՌԴ խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքում մինի-հենակետեր տեղադրելուն և Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին:

«Հայաստանը բացասական է վերաբերվում դրան։ Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որովհետև, կրկնում եմ, դա ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է»,- նշեց Սիմոնյանը։

***

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմի ճանապարհը բացել էր ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո։

Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 5-ին սկսեցին ակտիվ տարածել մի տեսանյութ, որտեղ Արցախում ռուս խաղաապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովն ասում է, թե ադրբեջանական կողմի հետ մինի-մաքսակետ կառուցելու պայմանավորվածություն են ձեռք բերել. «Որոշում է կայացվել տեղադրել հատուկ սարքավորում մեր առաջին պահակակետի մուտքին»:

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքել էր Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը։ Արցախի անվտանգության խորհուրդն էլ հայտարարել էր, որ «ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։