Ռուսաստանը պատրաստ է մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել․ Պեսկով

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը։

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում անցկացնելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանն, անշուշտ, պատրաստ կլինի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ մինչև տարեվերջ Ալիև-Փաշինյան հանդիպում անցկացվի Ռուսաստանում:

Պեսկովը նշել է, որ եթե հանդիպման շուրջ ըմբռնում լինի, ապա համապատասխան հայտարարություն կտրվի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել էր դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը, քանի որ դրան մասնակցելու էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց Հիքմեթ Հաջիևը (Ադրբեջանի նախագահի օգնականը – խմբ․) ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայնել է մեկ պայմանով՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ևս պետք է մասնակցի բանակցություններին։ Դա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»,- ասել էր Ալիևը։

Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ հնարավոր է հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպում կայանա։

Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չէր բացառել մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպման հնարավորությունը․ «Երկրների ղեկավարների կամ ԱԳ նախարարների (Հայաստանի և Ադրբեջանի – խմբ․) մակարդակով մինչև տարեվերջ հնարավոր հանդիպումը, կարծում եմ, այո, չի կարելի բացառել»,- ասել էր Աղաջանյանը։