ԱՄՆ 2023-ի պաշտպանական բյուջեի օրինագիծը անտեսում է ամերիկահայ լոբբիստների դրույթները

Մարկ Դովիչ

Ներկայացուցիչների պալատի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովները դեկտեմբերի 6-ին հրապարակել են Միացյալ Նահանգների պաշտպանության տարեկան բյուջեի փոխզիջումային օրինագիծը՝ չեղարկելով ամերիկահայ լոբբիստական խմբերի առաջ մղած դրույթները, որոնք ներառված էին օրինագծի նախորդ տարբերակում:

«Ուրախ ենք հայտարարել, որ եկել ենք երկկուսակցական, երկպալատ համաձայնության այս տարվա Ազգային պաշտպանության լիազորման (National Defense Authorization Act) ակտի վերաբերյալ»,- ասվում է կոմիտեի ղեկավարների համատեղ մամուլի հաղորդագրությունում:

Համաձայն կից բացատրական հայտարարության՝ այս տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտի փոխզիջումային տարբերակը չի պարունակում չորս դրույթ, որի ջատագովն էին ամերիկահայ լոբբիստական խմբերը, և որոնք ներառված էին Ներկայացուցիչների պալատի օրինագծի տարբերակում։

Դրույթներից մեկը Պետդեպարտամենտից պետք է պահանջեր հաշվետվություն ներկայացնել Վաշինգտոնի՝ Բաքվին ցուցաբերած ռազմական աջակցության մասին՝ համաձայն 907-րդ բանաձևի, որը սահմանափակում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող օգնության մեծ մասը:

Հետագայում ընդունված օրենսդրությունը թույլ էր տալիս ԱՄՆ նախագահներին ամեն տարի շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումը։ Վաշինգտոնն այդ ժամանակվանից ավելի քան 160 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Բաքվին՝ տարբեր ծրագրերի միջոցով, որոնք պահանջում են 907-րդ բանաձևի շրջանցումը։

ԱՄՆ դաշնային կառավարության գործունեությունն աուդիտ իրականացնող մարմնի՝ Պետական հաշվետվողականության վարչության այս տարեսկզբին հրապարակած ուսումնասիրությունը պարզել է, որ Պետական դեպարտամենտը և պաշտպանության նախարարությունը մի քանի տարի շարունակ ոչ լիարժեք են բավարարել հաշվետվությունների պահանջները, որոնցով կարգավորվում են այդ գերատեսչությունների՝ շրջանցումների համար հայտերը:

Ազգային պաշտպանության լիազորման ակտի փոխզիջումային տարբերակից դուրս մնացած մեկ այլ դրույթ ավելի կդժվարացներ Միացյալ Նահանգների համար Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելը, մի խնդիր, որը մեծ ուշադրության է արժանացել Վաշինգտոնում:

Երրորդ դրույթը կարտահայտեր «Կոնգրեսի այն ընկալումը, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին»։ Կոնգրեսը հաճախ է ընդունում, այսպես կոչված, «ընկալման» բանաձևեր (‘sense of’ resolutions), որոնք, չնայած չունեն օրենքի ուժ, թույլ են տալիս ընտրված պաշտոնյաներին պաշտոնապես բարձրաձայնել հիմնական խնդիրների մասին:

2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից ավելի քան երկու տարի անց Ադրբեջանում անհայտ թվով հայ զինվորներ և քաղաքացիական անձինք շարունակում են կալանավորված մնալ, նրանցից շատերը դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման՝ ահաբեկչության մեղադրանքով:

Ազգային պաշտպանության լիազորման ակտի չորրորդ դրույթը պաշտպանության նախարարությունից կպահանջեր պատերազմում Ադրբեջանի գործողությունները հետաքննող զեկույց ներկայացնել, որը կներառեր նաև ամերիկյան արտադրության զենքի բաղադրիչների հնարավոր առկայությունը թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք օգտագործվել են Ադրբեջանի կողմից և ավերիչ ազդեցություն ունեցել պատերազմում:

Այս տարվա պաշտպանական բյուջեի պարզաբանման մեջ նշվում է, որ պաշտպանության նախարարությունից արդեն պահանջվել էր նման հաշվետվություն պատրաստել անցյալ տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտում, բայց գերատեսչությունը դեռ չի արել դա:

«Զեկույցը պետք է ներկայացվեր վավերացումից 180 օր անց, սակայն պաշտպանության նախարարությունը զեկույցը դեռ չի ներկայացրել Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին: Վարչությունը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնի այդ զեկույցը»,- ասված է պարզաբանման մեջ։

Նախքան Ազգային պաշտպանության լիազորման ակտի հաստատումը, Ներկայացուցիչների պալատը և Սենատը պետք է ստորագրեն նոր տարբերակը, ինչպես նաև հասնեն համապարփակ ծախսերի օրինագծին: Այս տարվա աննախադեպ՝ 858 մլրդ դոլար պաշտպանական բյուջեն 45 մլրդ-ով ավելի է, քան Բայդենի վարչակազմի ներկայացրած նախնական բյուջեն:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English

Provisions backed by Armenian American groups axed in new US defense budget