Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին 75 տարեկան է

Անվանի ռեժիսոր և սցենարիստ Անդրեյ Կոնչալովսկին իր հոբելյանը դիմավորում է մրցանակների և կոչումների, ինչպես նաև կյանքի նվաճումների տպավորիչ պաշարով: Նա ավելի քան 30 ֆիլմ է նկարահանել, բեմադրել տասնյակ ներկայացումներ, մի քանի գիրք գրել: Այս ամենին կարելի է գումարել նաև այն, որ Կոնչալովսկին բազմազավակ հայր է. նրա վեց երեխաներից ամենամեծը` Եգորը, արդեն հայտնի ռեժիսոր է, իսկ կրտսերը` Պետյան, ընդամենը 8 տարեկան:

Անդրեյ կամ Անդրոն Կոնչալովսկին հայտնի արվեստաբանական տոհմի ներկայացուցիչ է: Ծնվել է գրողներ Սեգեյ Միխալկովի և Նատալյա Կոնչալովսկիի ընտանիքում, կրտսեր եղբայրը ռեժիսոր և դերասան Նիկիտա Միխալկովն է: Ապագա ռեժիսորը ստացել է երաժշտական կրթություն, որից հետո ավարտել է Կինեմատոգրաֆի համառուսաստանյան պետական համալսարանի ռեժիսորական բաժինը:

Ռեժիսորի հեղինակած առաջին ֆիլմերից հանդիսատեսին ամենաշատը հիշվել են «Ասյա Կլյաչինայի պատմությունը», «Սիբիրադա», «Քեռի Վանյա» ֆիլմերը: Որպես սցենարիստ Կոնչալովսկին համագործակցել է Անդրեյ Տարկովսկիի հետ` «Իվանի մանկությունը» և «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմերում:

Կոնչալովսկին այն եզակի ռուս կինոգործիչներից է, որը մեծ հաջողությամբ աշխատել է Հոլիվուդում, որտեղ ստեղծել է կինեմատոգրաֆի դասական նմուշներ դարձած «Մարիայի սիրեկանները», «Փախստական գնացքը», «Հոմեր և Էդի» ֆիլմերը: Նրա «Ոդիսականը», որում հանդես է եկել Արմանդ Ասանտեն, դարձել է մինչ այդ իրականացված ամենաթանկ հեռուստանախագիծը և «Էմմի» մրցանակի արժանացել:

Վերադառնալով Ռուսաստան` Կոնչալովսկին շարունակել է իր աշխատանքը և 2002թ. նրա «Հիմարների տունը» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնին արժանացել է ժյուրիի Գրան պրի մրացանակին:

Իր ծննդյան օրը Անդրեյ Կոնչալովսկին նշում է ընտանիքի հետ Իտալիայում: Նրա պրոդյուսերական կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերին կանցկացվի ռեժիսորին նվիրված փառատոն, որը կընդգրկի Մոսկվան, Սանկտ Պետերբուրգն ու օտարերկրյա մի շարք քաղաքներ: