ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարում պաշտպանել խոսքի ազատությունը

Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում պարտավոր է պաշտպանել քաղաքական գործիչների խոսքի և ազատ արտահայտվելու իրավունքը, հայտարարել է Եվրամիության` Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն` հավելելով, որ պետք է օրենքները պարզեցվեն` հասկանալու համար, թե որոնք են նպաստում դաժանությանն ու ահաբեկչությանը, և որոնք` ոչ, հաղորդում է Todays Zaman-ը:

Այդպիսով Ֆյուլեն արձագանքել է հույն խորհրդարանական Անտիգոնի Պապադոպուլոյին, որն ասել էր, թե Թուրքիայում քուրդ քաղաքական գործիչ Լեյլա Զանայիի դատապարտումը իր ինը զեկույցների համար, տարրական ազատությունների դեմ բռնություն է:

Նշենք, որ Դիարբեքիրի քուրդ պատգամավոր Լեյլա Զանան այս տարվա մայիսին դատապարտվել էր տասը տարվա ազատազրկման` մեղադրանքով, որ նա ահաբեկչական կազմակերպության անդամ է եղել և քարոզել է իր զեկույցները: Համաձայն Դիարբեքիրի բարձրագույն ատյանի դատարանի` Լեյլայի զեկույցներն ու գործողությունները վկայում էին նրա՝ Քրդական աշխատավորական կուսակցության անդամ լինելու մասին:

Մեկնաբանել