Խաղաղապահների և ադրբեջանցիների հանդիպմանը մասնակցել է նաև Վիտալի Բալասանյանը. Արցախի ԱԽ գրասենյակ

Արցախի անվտանգության խորհուրդը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահների հանդիպմանը մասնակցել է նաև ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակն իրազեկում է, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին Արցախի կողմից մասնակցում են միայն լիազորված ներկայացուցիչները: Մասնավորապես, դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում անցկացված հանդիպմանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությա հարցերը համակարգող:

Հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին հանդես է գալիս բացառապես Արցախի շահերի պաշտպանության դիրքերից:

Անդրադառնալով վերը նշված հանդիպմանը՝ տեղեկացնում ենք, որ Արցախի ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները թե՛ Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված էկոլոգիական բնույթի խնդիրների, և թե՛ մյուս անվտանգային մարտահրավերների մասին: Միևնույն ժամանակ կրկին շեշտում ենք, որ արցախյան կողմը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով Արցախի շահերը պաշտպանելու հանձնառությունը»,- ասված է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 7-ին տեղեկություններ էին տարածում Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների վերաբերյալ: Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների և տելեգրամյան ալիքների տարածած տեղեկությունների՝ քննարկվել են բնապահպանական հարցեր:

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմի ճանապարհը բացել էր ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո։

Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 5-ին սկսեցին ակտիվ տարածել մի տեսանյութ, որտեղ Արցախում ռուս խաղաապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովն ասում է, թե ադրբեջանական կողմի հետ մինի-մաքսակետ կառուցելու պայմանավորվածություն են ձեռք բերել. «Որոշում է կայացվել տեղադրել հատուկ սարքավորում մեր առաջին պահակակետի մուտքին»:

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքել էր Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը։ Արցախի անվտանգության խորհուրդն էլ հայտարարել էր, որ «ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։