Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու հարցն ուղարկվեց խորհրդարան

Հայաստանում ստեղծվում է արտաքին հետախուզական ծառայություն, որը լինելու է վարչապետին ենթակա մարմին։ Համապատասխան օրենսդրական փաթեթին կառավարությունը հավանություն տվեց ու անհետաձգելի համարելով՝ ուղարկեց խորհրդարան։

«Հաշվի առնելով արցախյան 2016թ. և 2020թ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում առկա խնդիրները, հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտությունը՝ Հայաստանն ունի նոր որակի hետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայական՝ հետախուզական գործունեության անընդհատության և ոլորտի բարելավման ապահովման նպատակով»,- նշված է օրենսդրական փաթեթների հիմնավորումներում։

Ըստ կառավարության՝ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որը չունի առանձին հետախուզական ծառայություն։

Արտաքին հետախուզական ծառայությունը գործելու է վարչապետի ենթակայության ներքո և չի համարվելու զինվորական մարմին։ Նորաստեղծ կառույցը բացահայտ կամ գաղտնի մեթոդների, ձևերի ու միջոցների օգտագործմամբ իրականացնելու է արտաքին հետախուզական գործունեություն ու վարչապետին է տրամադրելու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական ոլորտներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղակատվություն։

Նորաստեղծ մարմինը օժտված է լինելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորությամբ, նրա աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակն ու կառուցվածքը համարվելու են պետական գաղտնիք։

Ծառայության պետի անմիջական ղեկավար լինելու է վարչապետը։ Արտաքին հետախուզական ծառայության աշխատակից կարող է լինել անձը, ում 18 տարին լրացել է, գիտի հայերեն, գործնական ու բարոյական հատկանիշներով, կրթությամբ ու առողջությամբ ունակ է ծառայության։ Ծառայությունն ունենալու է նաև ուսումնական կենտրոն։