Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Իգոր Կրասնովի, Աննա Վարդապետյանի և Քամրան Ալիևի եռակողմ հանդիպումը, հայտում են ՌԴ դատախազությունից։
Ռուսական կողմը նշում է, որ հանդիպումն ընթացել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների զարգացման համատեքստում։
Հաղորդագրությունում նշվում է, որ հայտարարություններում ընդգծված են երեք երկրների ընդհանուր շահերը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովումը։
«Նման մոտեցումը համարում եմ միակ գործուն միջոցը հակամարտության կարգավորման հարցում այդքան սպասված փոխըմբռնմանը հասնելու համար։ Անշուշտ, հակամարտություններն ու ճգնաժամերը պարարտ հող են հանցավորության, ահաբեկչության, ծայրահեղականության գաղափարների, ատելության և թշնամանքի տարածման համար։ Որպես օրենքի իսկական ծառաներ՝ մենք պարտավոր ենք մարդկանց կյանքի և զարգացման համար նորմալ պայմաններ ապահովել»,- հայտարարել Է Իգոր Կրասնովը:
Հայաստանի դատախազության փոխանցմամբ՝ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն են եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն: Այս համատեքստում Վարդապետյանն ընդգծել է, որ ՀՀ-ն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները:
«Հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը»,- շեշտել է Աննա Վարդապետյանը: