ՀՀ-ն խաղաղության պայմանագրի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին. Գրիգորյան

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի մասով ադրբեջանական կողմի առաջարկների երրորդ փաթեթին, որը փոխանցվել էր հայկական կողմին:

«Տեքստի վրա շարունակում ենք աշխատել, և մեր կողմից խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ հայկական կողմը իր ամբողջ ջանքերը կներդնի, որպեսզի մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքվի:

«Հայաստանը՝ ի դեմս իշխանության, իր ամբողջ ջանքերը ներդրել է, որպեսզի կարողանանք ունենալ խաղաղության պայմանագիրը: Հիմա ավելի մոտ լինելով տարեվերջին՝ դժվար է ասել, որ կստացվի, բայց շարունակելու ենք աշխատել և աշխատանքների արդյունքներից է կախված այդ ամենը»,- նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Գրիգորյանը միայն ասաց, որ դեռևս վերջնական որոշումը չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու:

«Վաշինգտոնում համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Նաև հստակություն չկա խաղաղության պայմանագրո՞վ է դա արվելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս: Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, կողմ է, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,- եզրափակեց Գրիգորյանը:

Մեկնաբանել