ԵՄ-ն հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջնորդվում է սեփական շահերով․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին լուրերը։

Նա հայտարարել է, որ Եվրամիությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով:

«Եթե որոշում կայացվի Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու մասին, մենք այդ ժամանակ լրացուցիչ կմեկնաբանենք թեման։ Իսկ առայժմ ամեն ինչ վկայում է այն մասին, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ակտիվությամբ առաջնորդվում է բացառապես սեփական կոնյուկտուրային շահերով։ Մենք գիտենք, որ Բրյուսելը ցանկանում է ամեն կերպ ներգրավվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, որպեսզի ի վերջո, տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին։ Դա նրանց երազանքն է»,- ասել է Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

***

Հոկտեմբերի 17-ին Եվրամիության Խորհուրդը որոշում էր կայացրել քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Որոշումը հաստատվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում։ Առաքելությունը գործունեությունն սկսել է հոկտեմբերի 20-ից։

Դեկտեմբերի 6-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը շարունակելու անհրաժեշտության մասին։

Մեկնաբանել