Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ․ Հաջիևը՝ Գրիգորյանին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արձագանքել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի՝ Վաշինգտոնում «համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։

Report․az-ին տված մեկնաբանությունում Հաջիևն ընդգծել է, որ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ինքը հայտարարել է՝ Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ, քանի որ «դա Ադրբեջանի ներքին գործն է»։

«Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ հայտարարությունները, թե իբր Վաշինգտոնում ձեռք է բերվել համաձայնություն Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ միջազգային մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ, կեղծ են։ Բանակցություններում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Ադրբեջանը մտադիր չէ այդ հարցը քննարկել ոչ Հայաստանի, ոչ էլ այլ պետությունների ու կազմակերպությունների հետ»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Ըստ Հաջիևի՝ նման հայտարարություններով հայկական կողմը փորձում է միտումնավոր խափանել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և ստեղծել միայն բանակցությունների իմիտացիա․ «Մենք խորհուրդ ենք տալիս հայկական կողմին հրաժարվել նման ապակառուցողական քաղաքականությունից և լրջորեն մասնակցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին»։

Մեկնաբանել