ՍիվիլՆեթի հոդվածի հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել, որն առնչվում է ՊԵԿ փոխնախագահին

Արտյոմ Սմբատյան

Սիվիլնեթի՝ «ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանի ՔՊ-ական զոքանչը հարստանում է փեսայի կարիերային համընթաց» վերտառությամբ հոդվածի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հրապարակումը դատախազությունից ուղարկվել է Հակոկոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։

Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել ապօրինի հարստանալու և կեղծ հայտարարագիր ներկայացնելու, տվյալներ թաքցնելու հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածի 1-ին մասի և 444-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով)։

Հունիսի 4-ի հրապարակմամբ Սիվիլնեթը ներկայացրել էր, թե ինչպես է ՊԵԿ նախագահի տեղակալի զոքանչ Կարինե Համբարյանը 86,6 միլիոն դրամով Երևանի Աբովյան փողոցում ձեռք բերել մոտ 130 քմ մակերեսով բնակարան, որը ծավալված է շենքի երկու հարկերում։ Գործարքի մյուս կողմը Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի նախկին խորհրդական Շավարշ Գրիգորյանն էր։ Ըստ կադաստրային փաստաթղթերի՝ Համբարյանը գործարքի գումարը վճարել էր միանգամից։ Վերջինս մեկ այլ բնակարան ու բնակելի տուն էլ 2019-ին ձեռք էր բերել Աջափնյակում։ Արտյոմ Սմբատյանը, պատասխանելով ՍիվիլՆեթի հարցերին, ասել էր, որ Աբովյան փողոցի այդ բնակարանը օգտագործում են ժամանակավոր։

Հակակոռուպցիոն կոմիտեից քրեական վարույթի հետ կապված տվյալներ չհաղորդեցին, միայն հայտնեցին, որ ընթանում է նախաքննություն։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ապօրինի հարստանալու և կեղծ հայտարարագիր ներկայացնելու, տվյալներ թաքցնելու հատկանիշներով։