Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի հերթական հայտարարությանը, որով Ադրբեջանը հերքել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ համաձայնությունը Վաշինգտոնում:
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան: Բանակցություններում միայն հայկական կողմը չի եղել: Ամերիկյան կողմն էլ է եղել: Կա դրա մասին արձանագրություն, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է»,- հայտարարել է Գրիգորյանը, փոխանցում է «Արմենպրեսը»։
ԱԽ քարտուղարը նշեց՝ զարմանում է, որ հերքվում է փաստված բանը․ «Բնականաբար, մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի հասկանանք, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ ենք ստեղծելու, որ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ»։
Հայկական կողմը վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ բազմաթիվ աշխատանքներում միջազգային գործընկերների կողմից հետաքրքրություն է նկատել՝ այս ուղղությամբ շարունակելու աշխատանքները: Գրիգորյանը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի հասնել այդ նպատակին:
Ավելի վաղ Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Վաշինգտոնում համաձայնություն է եղել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, սակայն մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Դրանից հետո Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերքել է Արմեն Գրիգորյանի հայտարարությունն ու պնդել, որ «ԼՂ-ի հայության իրավունքների հարցն Ադրբեջանի ներքին գործն է, և չեն պատրաստվում դա քննարկել որևէ այլ երկրի հետ»: