«Հայաստանը մեր առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում»․ Շոյգուն՝ Պապիկյանի հետ հանդիպմանը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների նիստի շրջանակներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցն է և առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում։ Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում և դրա համար առավելագույն ջանքեր ենք գործադրում։ Կարևորում ենք երկկողմ համագործակցության զարգացումը, ինչպես նաև աջակցություն ենք ցուցաբերում Հայաստանի զինված ուժերի ներուժի բարձրացման համար»,- ասել է Սերգեյ Շոյգուն։

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2023-ի համագործակցության ծրագիրը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք ընթացիկ հարցեր: